Մատչելիության հղումներ

«Ռոսբալտ». Լևոն Հայրապետյանը կասկածվում է ֆինանսական խարդախության մեջ


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մեջ ադրբեջանցիների մատն է խառը, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց գործարարի մտերիմ ընկեր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Ըստ «Ռոսբալտ» ռուսական լրատվամիջոցի` գործարարը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել Մոնակոյից, իսկ նրան ձերբակալել են «կինգիսեպսկի» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակում։

Ռուսաստանի քննչական կոմիտեն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան։ «Ռոսբալտ»-ի հաղորդմամբ՝ նրան կասկածում են 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու քրեական հոդվածներով։

Գործարարի ընկերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը մինչդեռ պնդում է, որ Լևոն Հայրապետյանը Մոսկվա էր ժամանել ոչ թե Մոնակոյից, այլ Երևանից։

«Ռուսական կողմի այդ և այլ պնդումները սուտ են»,- հայտարարում է Տեր-Թադևոսյանը. - «Մենք իրար հետ Ղարաբաղում էինք, Ղարաբաղից եկանք Երևան, ինքը թռավ Մոսկվա, ի՞նչ Մոնակո, իրենք ինչ ասես կարող են գրել»։

Լևոն Հայրապետյանը, ով արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, Ղարաբաղում հայտնի բարերար է, ում ֆինանսական միջոցներով հայրենի գյուղում հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել:

Ռուսաստանաբնակ գործարարը նաև Ղարաբաղում 2008-ին կազմակերպված մեծ հարսանիքի գլխավոր հովանավորներից էր։ Հայրապետյանի՝ Ղարաբաղում իրականացրած վերջին նախագծերից մեկը զորավարներ Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցումն էր, որը համակարգում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Լևոն Հայրապետյանը ասել էր, որ այս ուսումնարանը կառուցվում էր Ղարաբաղի անվտանգությունը ամրապնդելու համար։

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում մեծ հեղինակություն վայելող Լևոն Հայրապետյանը հանդիպել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության հարցը բարձրացնելու նպատակով։ Ղարաբաղում խոսում են նաև նրա և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մտերմիկ հարաբերությունների մասին։

XS
SM
MD
LG