Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ նախագահի խոսնակ․ Հիմքեր կան պնդելու, որ դիվերսանտներն են սպանել Սմբատ Ցականյանին


Թեև Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում, որ 17-ամյա Սմբատ Ցականյանը սպանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանցիներն են սպանել նրան:

«Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից», - ասում է ԼՂ նախագահի խոսնակը:

Տեղեկություններ կան, որ հայ երիտասարդին սպանել են առանձնակի դաժանությամբ: «Ազատության» հարցին, թե այդ կապակցությամբ ի՞նչ կարող է ասել, ԼՂ նախագահի խոսնակը պատասխանեց․ - «Դա հետաքննությունը վերջնականապես կպարզի, բայց դրանցից ամեն ինչ սպասելի է»:

Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը, հայկական ուժերի կողմից «խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են»: Այսօր էլ Ղարաբաղի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում հայտնաբերվել է Սմբատ Ցականյանի դին՝ հրազենային վնասվածքներով:

Առագաստանավ Սևանա լճում, արխիվ

Առագաստանավ Սևանա լճում, արխիվ

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ պետք է մեծացնել Քարվաճառի նկատմամբ հսկողությունը: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քարվաճառից են սկիզբ առնում Սևանը սնուցող գետերը: Ղարաբաղի նախագահի խոսնակը մտավախություն է հայտնում, որ եթե հակառակորդին հաջողվի վերահսկողություն սահմանել Քարվաճառի նկատմամբ, ապա նրանք կարող են պարզապես թունավորել Հայաստանի ջրային բոլոր ռեսուրսները:

«Սա ևս մեկ առիթ է արժևորելու Քարվաճառի կարևորությունը ամբողջ հայության համար: Այստեղ սկիզբ են առնում մեր բոլոր գետերը՝ Արփա-Որոտանը, որոնք փրկում են Սևանը: Հիմա, եթե հակառակորդը դիվերսիա է անում, ներթափանցելով երկու-երեք հոգով, մեր տարածք, ի՞նչ կլինի, եթե նա վերահսկի այդ տարածքը: Սա բոլորիս համար պետք է պարզ լինի, որ ահաբեկչությունը լայնածավալ կլինի՝ ցեղասպանություն են անելու՝ թունավորելով մեր գետերը, բոլոր ռեսուրսները», - ասում է նա:

Ո՛չ Ղարաբաղի, և ո՛չ էլ Հայաստանի իրավապահ մարմինները պաշտոնապես չեն նշում, թե ե՞րբ է ադրբեջանական դիվերսիոն խումբը հատել սահմանը, և թե խմբի անդամները քանի՞ օր են անցկացրել է հայկական բնակավայրերում: Հստակ չէ նաև, թե այդ ընթացքում, հրապարակված փաստերից բացի, ադրբեջանցի դիվերսանտները ի՞նչ գործողություններ են իրականացրել:

ԼՂ - Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենքերեն ու հանդերձանքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

ԼՂ - Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենքերեն ու հանդերձանքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Առայժմ հայտնի է 17-ամյա պատանու սպանության մասին, ավելի վաղ էլ՝ անցած ուրբաթ, խմբի անդամներից մեկը Քարվաճառի հատվածում հարձակվել էր ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 37-ամյա Կարինե Դավթյանին։

Այսօր Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի պետ Արամ Աստուրյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ կնոջ վիճակը կայուն է, նա այլևս չի կորցնում գիտակցությունը, ինքնուրույն սնվում է: Ցավոք հնարավոր չէ վերականգնել Կարինեի աչքի տեսողությունը, որը վնասվել էր ադրբեջանցու արձակած գնդակից:

XS
SM
MD
LG