Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննարկելու է պատժամիջոցների ընդլայնման հարցը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրամիության առաջնորդների հետ, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրամիության առաջնորդների հետ, արխիվ

Եվրամիության առաջնորդները այսօր ուշ երեկոյան Բրյուսելում քննարկելու են ուկրաինական ճգնաժամը և կարող են նաև համաձայնության հանգել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցում:

«Բլումբերգ» պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության նախնական` սևագիր տարբերակը, գրում է, որ եվրոպացի առաջնորդները փորձելու են հասնել նրան, որ երկու ֆինանսական խոշոր կառույցները` Եվրոպական ներդրումային բանկն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը արգելափակեն Ռուսաստանի նոր նախագծերի վարկավորումը:

2013 թվականին Ռուսաստանն իր ծրագրերն իրականացնելու համար այդ երկու կազմակերպությունների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ գրեթե 4 միլիարդ դոլարի չափով գումար:

Բացի նոր վարկերի տրամադրումն արգելափակելուց, Եվրամիությունը քննարկելու է նաև արդեն գործող պատժամիջոցների ընդլայնման հարցը, մասնավորապես` ավելացվելու է այն ընկերությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց հաշիվները սառեցվում են:

Մինչ եվրոպացի առաջնորդները կհավաքվեն, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայա Կոչիյանիչը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիության հիմնական պահանջները Ռուսաստանից նույն են մնում` դադարեցնել սահմանից զինյալների և զինտեխնիկայի հոսքը Ուկրաինա և աջակցել Պորոշենկոյի խաղաղ ծրագրին:

Ուկրաինական ճգնաժամը քննարկվում է նաև Եվրոպական խորհրդարանի արտահերթ նիստում: Ստրասբուրգում դեբատները բացել է Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա նախ ներկայացրել է իրավիճակը Ուկրաինայում, նշելով, որ այդ երկրի արևելքում ճգնաժամը չի թուլանում, ամեն օր տեղի ունեցող միջադեպերի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք և աջակցենք բնակիչներին: Յուրաքանչյուր զոհված քաղաքացի արդեն իսկ չափազանց մեծ կորուստ է»,- ասել է նա:

Ֆյուլեն նշել է, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրենք մտահոգիչ հաղորդումներ են ստանում ոչ միայն արևելյան Ուկրաինայից, այլև Ռուսաստանի կողմից ապօրինի բռնակցված Ղրիմից:

«Թույլ տվեք շեշտել»,- հայտարարել է Ֆյուլեն, - «Որ մենք չենք մոռացել Ղրիմի մասին, այն մշտապես լինելու է մեր քաղաքականության տեսադաշտում` մինչև միջազգային իրավունքը կվերականգնվի»:

Անդրադառնալով Ուկրաինայի ռազմական գործողությանը արևելյան Ուկրաինայում՝ Ֆյուլեն հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն ու պարտականությունն է` կարգուկանոնը պահպանել իր տարածքում և պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Այս չափազանց դժվարին իրավիճակում Ուկրաինայի իշխանություններին կոչ անելով հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, Ֆյուլեն նշել է, որ խոսքը Ուկրաինայի արևելքում ժողովրդական շարժման դեմ պայքարելու մասին չէ, մանավանդ որ Ուկրաինայի իշխանությունները նրանց առաջարկում են քաղաքական ապակենտրոնացում և այլ ժողովրդավարական բարեփոխումներ:

«Խոսքը լավ պատրաստված և զինված կազմավորումների մասին է, որ հազիվ թե որևէ կապ ունեն տեղի բնակչության կարիքների հետ: Այդ պատճառով մենք մեր քաղաքականության հիմքում պետք է դնենք տեղի բնակիչների պաշտպանությունն ու բարօրությունը»:

Ֆյուլեն իր ելույթում նշել է, որ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն, սակայն դրանք արդյունք կունենան միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը հավատարիմ լինեն գործընթացին, Ռուսաստանը սակայն, չի կանգնեցնում իր սահմանով զինյալների և զինտեխնիկայի հոսքը Ուկրաինա, նշել է եվրոպացի պաշտոնյան:

Շտեֆան Ֆյուլեն Ասոցաման համաձայնագրի կնքման օրը` հունիսի 27-ը պատմական է համարել և շեշտել, որ այս համաձայնագիրը չի նշանակում միջամտել Ուկրաինայի հարաբերություններին իր հարևանների հետ:

«Ուկրաինան շատ հանգիստ կարող է ազատ առևտրի համաձայնագիր ունենալ Ռուսաստանի և Եվրամիության հետ միաժամանակ»:

Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատարը իր ելույթը ավարտել է վերահաստատելով, որ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության և Ուկրաինայի համագործակցության վերջնանպատակը չէ, հակառակը, այն նոր հնարավորություններ է բացում և կարևոր քայլ է` աջակցելու Ուկրաինային վերափոխումների ճանապարհին, որոնք այդ երկիրը կհասցնեն կայուն և բարգավաճող եվրոպական ժողովրդավարության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG