Մատչելիության հղումներ

ՊՆ-ն շարունակելու է «անողոք պայքարը բանակում կոռուպցիայի դեմ»


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակելու է «անողոք պայքարը բանակում կոռուպցիայի դեմ» և ազատվելու է նրանցից, ովքեր դեմ գնալով բարեփոխումներին՝ ապօրինություններ կգործեն։

«Մենք անցած և այս տարիների ընթացքում թե' զորակոչի հետ կապ ունեցող, թե' ընդհանրապես բանակում ծառայող, բայց տարբեր ապօրինություններ կատարող մարդկանցից շատ արագ և ինտեսիվորեն ազատվում ենք: Եվ, փառք Աստծո, մենք դա անում ենք ինքնամաքրման ճանապարհով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` օրեր առաջ ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են։ Խոսքը վերաբերում է Թալինի արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի եւ երկու բժիշկների թույլ տված չարաշահումներին։ Նրանք մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ։

Թալինի նախկին զինկոմը, Գորիսի զինկոմիսարիատի պաշտոնյան եւ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիալոգիայի բաժնի վարիչ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանը կալանավորված են։ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել հիվանդության պատճառով։

Պաշտպանության նախարարությունը թեև հստակ վիճակագրություն չի բերում, բայց և պնդում է, որ անցած տարիներին տասնյակ բարձրաստիճան և միջին օղակի պաշտոնյաներ կա'մ հեռացվել են համակարգից, կա'մ քրեական պատասխանատվության ենթարկվել։

«Ցածր օղակի պաշտոնյաների վերաբերյալ վիճակագրությունն ավելի մեծ է», - նկատում է Հովհաննիսյանը և իրավապաշտպաններին հորդորում աջակցել իրենց. - «Մենք իրավապաշտպաններին բազմիցս ասել ենք` եթե ապացուցված հիմքեր կան, մենք թափանցիկ ենք, խնդրեմ, դիմեք: Նաև երբեմն այդ հիմքերով է, որ մենք կարող ենք այս կամ այն մարդուց ազատվել` իր ապօրինությունները հիմնավորելով»:

Իրավապաշտպաններից շատերը, սակայն, Պաշտպանության նախարարության «կոռուպցիայի դեմ անողոք պայքարի» նկատմամբ վստահություն չունեն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ«նախարարության վերջին տարիների ակտիվ պայքարը պայմանավորված է զորակոչի տարիքի երիտասարդների քանակի նվազմամբ, և որպեսզի թվաքանակ ապահովվի «սկսել են փակել կոռուպցիոն օղակները»։

«Կան անձեռնմխելիներ և քավության նոխազներ: Քավության նոխազների հաշվին ցույց տալ, որ ինքնամաքրում է տեղի ունենում, դա հավատ չի կարող ներշնչել: Որովհետև ամենամեծ կոռուպցիոն համակարգի կրողները մնում են անձեռնմխելի և անպատժելի», - ասաց իրավապաշտպանը` հավելելով, որ նման երևույթները տարածված են բանակում, և եթե իսկապես նախարարությունն ուզում է մաքրել համակարգը, քավության նոխազ փնտրելու փոխարեն պետք է ավելի ակտիվորեն աշխատի:

Փողով բանակից ազատվելու երեւույթի վերացման համար իրավապաշտպանը Պաշտպանության նախարարությանը բազմիցս առաջարկել է պարզապես բարելավել բանակային պայմանները։ Այդ դեպքում ծնողները չեն փորձի իրենց զավակներին ազատելծառայությունից, իսկ բանակի պատասխանատուներն էլ ստիպված թվաքանակ ապահովելու համար հիվանդներին չեն զորակոչի։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզմամբ՝ որպեսզի ծնողները որդիներին սիրով ճանապարհեն բանակ, առաջին հերթին բանակի պատասխանատուները անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնեն, բացահայտեն հանցագործությունները. - «Վերցնենք, օրինակ, գոմեշի միսը. հանրությունը չի իմանում, թե ինչպես ավարտվեց այդ գործը: Եզակի դեպքերը չեն կարող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշ լինել: Ես ինքս շատ դեպքեր գիտեմ, որ ազատվում են բանակից: Որևէ բան չի փոխվել: Փոխվել են այն գները, որով ազատվում էին բանակից: Այսինքն կաշառքը ավելացել և բարձրացել է»:

Ալեքսանյանը շարունակեց. - «Ընդծենք, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում բանակում: Թող նախարար Սեյրան Օհանյանը դրա մասին մտածի: Եվ եթե մոնիտորինգ անենք, կտեսնենք, որ 80 տոկոսից ավելին չի ծառայում բանակում: Սա շատ կարևոր է»:

Իրավապաշտպաններնահազանգում են, որ արտոնյալներին կաշառքով բանակից ազատելու պատճառով տարեցտարի ավելանում էառողջական խնդիրներով զորակոչվածների թիվը։

XS
SM
MD
LG