Մատչելիության հղումներ

Նաթանյահու․ «Մեր պատասխանը պատերազմն է»


Գազայի հատված - Իսրայելի օդային հարվածի հետևանքով ավերակների վերածված շենք Գազա քաղաքում, 15-ը հուլիսի, 2014թ․

Գազայի հատված - Իսրայելի օդային հարվածի հետևանքով ավերակների վերածված շենք Գազա քաղաքում, 15-ը հուլիսի, 2014թ․

Իսրայելի և «Համաս»-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով հայերի թվում տուժածներ առայժմ չկան:

«Համաս»-ն ընտրել է ռազմական գործողությունները շարունակելու ճանապարհը և կվճարի այս որոշման համար, ովքեր կփորձեն հարձակվել Իսրայելի քաղաքացիների վրա, համարժեք պատասխան կստանա: Երբ չկա հրադադարի մասին համաձայնություն, մեր պատասխանը պատերազմն է», - երեկ ուշ երեկոյան Իսրայելի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած արտահերթ նիստից հետո հայտարարեց երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուն։

Հիշեցնենք, որ Եգիպտոսը հանդես էր եկել երեքշաբթի օրը ժամը 9-ից վեց ժամով ժամանակավոր հրադադարի առաջարկությամբ, որն ընդունվեց միայն Իսրայելի կողմից։ Վեց ժամ շարունակ հրեական օդուժը չէր հրթիռահարում «Համաս»-ի գրոհայիններին, մինչդեռ այդ ընթացքում Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա արձակվեց ավելի քան 50 հրթիռ։

Ցերեկը ժամը 3-ին պարզ դարձավ, որ այլևս անհնար է չպատասխանել «Համաս»-ին, ու Իսրայելի պաշտպանության բանակը շարունակեց ռազմական գործողությունը։

Այսօր ռազմական գործողությունների տասներորդ օրն է, Գազայի գոտուց ողջ գիշերվա ընթացքում շարունակվում էր հրթիռների արձակումը, որոնք ոչնչացվում էին «Երկաթյա առաստաղ» հակաօդային պաշտպանության բացառիկ համակարգի շնորհիվ։

Երեկ երեկոյան, Իսրայելի պաշտպանության բանակի տարածած պաշտոնական տվյալներով, խոցվել է 1500 թիրախ։ «Համաս»-ի զինյալները Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 հրթիռ, որոնցից 900-ը պայթել են Իսրայելի տարածքում։ Հրթիռակոծությունների արդյունքում սպանվել է մեկ և վիրավորվել 25 Իսրայելի քաղաքացի։

Ըստ արաբական աղբյուրների՝ Գազայի գոտում սպանվել է ավելի քան 200, իսկ վիրավորվել՝ 1400-ից ավելի արաբ։

Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանց թվում զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան, չնայած արդեն նկատվում է մի փոքր հուսահատություն հայերի շրջանում՝ դժվար է հուժկու տագնապների ներքո, ցերեկ և գիշեր վազել ռմբապաստարաններ ու այնտեղ անցկացնել ողջ օրը։

Ստեղծվել է «թեժ գիծ» հայերեն լեզվով: Այն բոլոր հայերը, ովքեր օգնության կարիք ունեն, կարող են զանգահարել Իսրայելի հայրենադարձների հարցերի նախարարության «թեժ գծին»՝ 039733333 հեռախոսահամարով։

XS
SM
MD
LG