Մատչելիության հղումներ

Երեկ Թբիլիսիի Կիպշիձե փողոցի իր տան մոտ ավտոմեքենայում հայտնաբերել են Վրաստանում մեկ ամիս առաջ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ռուսթավի քաղաքի քաղաքապետի թեկնածու, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին ղեկավար Էրոսի Կիցմարիշվիլիի դիակը:

«Զոհվածի մարմինը գտել են իր իսկ ավտոմեքենայում տան մոտ: Նրա կողքին ընկած էր զենքը: Ենթադրաբար, դա ինքնասպանություն է», - «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Դատախազությունը վստահեցրել է, որ քննությունը կուսումնասիրի բոլոր վարկածները, իսկ սկզբնական՝ ինքնասպանության վարկածը առաջ է քաշվել փաստացի հանգամանքների հիման վրա՝ Կիցմարիշվիլին մահացել է գլխին կրակոցից, իսկ հայտնաբերված հրազենը, որից ենթադրաբար արձակվել է կրակոցը, գրանցված է նույն օրը նրա իսկ անունով:

Էրոսի Կիցմարիշվիլիի մտերիմները, սակայն, արժանահավատ չեն համարում ինքնասպանության վարկածը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իր հերթին, «սարսափելի սպանություն» է որակել տեղի ունեցածը և պահանջել է բացահայտել այն:

Կիցմարիշվիլին 2004-2007 թվականներին եղել է Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը ՄԱԿ-ում, 2008 թվականին՝ Ռուսաստանում Վրաստանի դեսպանը, 2011-12 թվականներին՝ երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի ղեկավարած «Վրացական կուսակցության» հիմնադիրներից մեկը և քաղաքական քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG