Մատչելիության հղումներ

Անի և Սարգիս Գևորգյանները տուժող են ճանաչվել հունիսի 23-ի գործով


Անի և Սարգիս Գևորգյանները հարցազրույց են տալիս «Ազատությանը», 2-ը հուլիսի, 2014թ․

Անի և Սարգիս Գևորգյանները հարցազրույց են տալիս «Ազատությանը», 2-ը հուլիսի, 2014թ․

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն ու օպերատոր Սարգիս Գևորգյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 23-ի բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելու, բռնություն կիրառելու, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Անի Գևորգյանը։

«Երկու օր առաջ ծանուցագիր ստացանք, որտեղ գրված էր, որ ամսի [հուլիսի] 16-ին մենք հրավիրվում ենք Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության՝ տուժողի կարգավիճակով։ Բնականաբար, ամսի 16-ին գնալուց հետո նոր ինչ-որ բան պարզ կլինի, հիմա միայն ծանուցագիրը կա մեզ մոտ ու դրա վրա գրված այդ տեղեկությունը», - ասաց Գևորգյանը։

Լրագրողի խոսքով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում շաբաթներ առաջ իրենք հրավիրվել էին ՀՔԾ, բայց՝ վկայի կարգավիճակով։

«Քրեական գործը հարուցվել էր մեր հաղորդման հիման վրա, հենց նույն օրն էինք դիմել՝ ամսի 23-ին, երբ որ ակտիվիստներին բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, բաժնի մոտ էին հավաքվել լրագրողներ ու մի քանի քաղաքացիներ, և այդ ժամանակ ոստիկանները սկսել էին բռնություն գործադրել՝ հեռացնելու համար բոլորին բաժնի մոտից, ու բռնություն ենթարկվածների թվում նաև մենք էինք՝ ես և Սարգիսը», - փոխանցեց Անի Գևորգյանը։

Նա նաև ասաց, որ ոստիկանները ձեռքերով, ոտքերով հարվածում էին ինչպես ոստիկանական բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիներին, այնպես էլ լրագրողներին՝ ստիպելով հեռանալ բաժանմունքի մոտից։

«Իմ դեմքին էին հարվածել, Սարգիսի ձեռքին ձեռնաշղթաներ էին հագցրել, հրմշտել էին մինչև բերման ենթարկելը, հետո էլ ոստիկանության բաժնում արդեն նրան տապալել էին գետնին, ձեռքերին վնասվածքներ էին հասցրել և այլն», - պատմեց Անի Գևորգյանը։

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ում մի խումբ քաղաքացիների բողոքի հիման վրա նույնպես քրեական գործ է հարուցվել։ Ըստ այդ քաղաքացիների, Սարյան փողոցում ոստիկաններն իրենց բռնության էին ենթարկել: Մինչդեռ այդ օրերին Երևանի ոստիկանապետը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները գործել են օրենքի սահմանում:

XS
SM
MD
LG