Մատչելիության հղումներ

Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով վիրավորված հայերի վիճակը ծանր է մնում


Ռուսաստան - Փրկարարները և շտապ բուժօգնության աշխատակիցները աշխատում են մետրոյի վթարի վայրում, 14-ը հուլիսի, 2014թ․
Ռուսաստան - Փրկարարները և շտապ բուժօգնության աշխատակիցները աշխատում են մետրոյի վթարի վայրում, 14-ը հուլիսի, 2014թ․

Վթարի զոհերի թիվը հասել է 22-ի, Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է:

Մոսկվայի մետրոյի երեկվա վթարի հետևանքով վիրավորված երկու երիտասարդ հայ աղջիկների վիճակը շարունակում է մնալ ծանր:

20 տարեկան Մերի Աշոտի Քոչարյանը ողնաշարի կոտրվածքով Մոսկվայի 67-րդ հիվանդանոցում է: Ինչպես քիչ առաջ «Ազատություն»-ը տեղեկացավ հիվանդանոցից, Մերիի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:

23 տարեկան Աննա Օլեգի Բուլղադարյանը ծանր վիճակում Մոսկվայի 79-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:

Մոսկվայի մետրոյի գնացքի վթարի հետևանքով, այս պահի տվյալներով, 22 մարդ է զոհվել, 129 մարդ հիվանդանոցներում են, նրանց մի մասը ծանր վիճակում են:

Զոհվածների մեջ, այս պահի տվյալներով, չկան երեխաներ:

Զոհվածների ցուցակը կհրապարակվի այսօր ցերեկը:

Կատարվածը ահաբեկչություն չէր: Մոսկվայի իշխանությունների հրապարակած նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել գծերի անսարքության պատճառով:

Ընդհանուր առմամբ, վթարի ենթարկված գնացքից տարհանվել է 1150 մարդ:

Վթարը, հիշեցնենք, տեղի է ունեցել երեկ առավոտյան «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտակայքում, Մոսկվայի արևմուտքում: Գնացքի երեք վագոնները դուրս են եկել գծերից, վագոններից մեկում մարդիկ փակված են մնացել մի քանի ժամ:

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է, իսկ մետրոյի գնացքների երթևեկությունը վերականգնվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG