Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիյեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը «գլխավոր ծրագիր» են մշակում 2015-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով:

Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին:

«Հյուրիյեթ» թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին «նախաձեռնող և հակազդող քայլեր» պատրաստելու նպատակով:

Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական «ակտիվիստների կոմիտեներ», որոնք այցելելու են «օրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ, պատրաստելու առցանց դասընթացներ և կազմակերպելու համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում»: «Հյուրիյեթ»-ը նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է «առնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը:

ATAA-ն մտադիր է ձեռնարկել հետևյալ «քայլերը, որոնցով կհակազդի».

- Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին, գրքերին և ֆիլմերին.

- Հայերի կողմից կազմակերպվող քննարկումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին.

- Կոնգրեսում «հակաթուրքական օրինագծերին»:

Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.

- Արդյոք «Հյուրիյեթ»-ի տեղեկությունը ճշգրի՞տ է ATAA-ի ծրագրերի մասին: Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում:

- Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք է կամ դրամահավաքման փորձ:

Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ «Հյուրիյեթ»-ի պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է... «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, որ հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամլո խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում: Նմանապես, ես փորձում եմ պարզել, թե արդյոք «Կոկա կոլա»-ի գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի` ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հատկանշական է, որ «Հյուրիյեթ»-ը արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով, միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենթի բողոքներից հետո` իրենց անունները առանց արտոնության և անճիշտ ձևով օգտագործելու համար. - «Երկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և «Կոկա կոլա»-ի գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում: Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն»:

Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենթը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և «Կոկա կոլա»-ի արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու համար: Սա հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել...

Բացի այդ, իմ ջերմ հույսն է, որ «Հյուրիյեթ»-ի հոդվածն ամբողջությամբ ճիշտ է, և ATAA-ն իրականացնելու է իր խոստացած բոլոր միջոցառումները: Որքան հաճախ թուրք ժխտողականները բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը` փորձելով հակազդել փաստարկված պատմական իրողություններին, այնքան նրանք ակամայից ավելի շատ կնպաստեն Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը, և դրանով խայտառակելով իրենց ամբողջ աշխարհում...

Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով, Վաշինգտոնում Թուրքիայի կողմից վարձված հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը... Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի կողմից 2014 թվականի ապրիլի 23-ին արվածը՝ չնայած ժխտողական բովանդակությանը: Որպես անկանխատեսելի հետևանք` Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը խթան են հանդիսանալու միջազգային լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարության վրա՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները:

Չնայած թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային ասպարեզում, նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը: Լինելով չափազանց համակված թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով, հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից ...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG