Մատչելիության հղումներ

Վաճառվող սննդամթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ


Անցած տարվա համեմատությամբ այս տարի սննդամթերքում հայտնաբերված տարբեր շեղումները գրեթե չեն փոխվել:

Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Արման Գևորգյանի ձևակերպմամբ՝ խոսքը հիմնականում տեղափոխման և պահպանման պայմանների խախտման արդյունքում զարգացող մանրեների մասին է:

«Մոտ 100 ապրանքատեսակում մենք ունեցել ենք տարբեր շեղումներ․ հիմնականում մանրեաբանական՝ մոտ 70 տոկոսը, մի քանի շեղում եղել ա ծանր մետաղով: Մեզ մոտ գալիս են բոլոր մթերքները, հիմնականում դա կաթնամթերքն ա, որտեղ մենք արձանագրել ենք շեղումներ, մի քանի շեղում եղել ա մսամթերքի մեջ: Այս տարի, ցավոք սրտի, շեղումների բնույթը և այն ապրանքատեսակները, որտեղ մենք դա հայտնաբերում ենք, լինում է նույնը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգյանը:

Այսօր մենք այցելեցինք «Գումի շուկայի» հարակից տարածքը, որտեղ ակնհայտ էին վաճառվող մսամթերքի պահպանման կանոնների խախտումները: Մեր այցի պահին ջերմաստիճանը հասնում էր 38 աստիճանի, մինչդեռ վաճառվող միսը շատ դեպքերում պահվում էր ոչ թե սառնարանում, այլ արևի տակ՝ վաճառասեղանին:

Մսավաճառները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե տեղյակ չէ այս իրավիճակից, սակայն հավաստիացրեց, որ խախտումներ արձանագրում են, և խախտողները տուգանվում են:

Վերջին ամիսներին Հայաստանի շատ շրջաններում կենդանիների մոտ բրուցելյոզի ակտիվացում է արձանագրվել: Հիվանդությունը փոխանցվել է նաև մարդկանց, ինչի արդյունքում այս տարվա մայիս և հունիս ամիսներին մոտ 2 անգամ ավելի շատ մարդ է հիվանդացել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչն ասաց, որ բրուցելյոզով հիվանդ անասունի միսը վաճառելն արգելված չէ, քանի որ եփելուց հետո այն անվտանգ է դառնում:

Մասնագետները, սակայն, ասում են, որ եթե այդ միսը մշակելիս մարդը վնասի, օրինակ, ձեռքը, ապա հնարավոր է, որ վարակվի այս հիվանդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG