Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևի ընտանիքը «կապ ունի Ադրբեջանի բջջային շուկայի մոտ երեք քառորդի հետ»


Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն:

Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան նոր հետաքննական հրապարակում են կատարել, որը բացահայտում է Ադրբեջանի կապի ոլորտում նախագահական ընտանիքի ներգրավվածությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլա և Արզու Ալիևաները, պարզվում է, շատ ավելի մեծ ներգրավվածություն ունեն Ադրեջանի հեռահաղորդակցության ոլորտում, քան նախկինում ենթադրովում էր:

Մինչ այս հայտնի էր, որ նրանք Ադրբեջանի մեծությամբ երրորդ հեռախոսային օպերատորի` «Ազերֆոն»-ի մեծ մասի սեփականատերերն են, սակայն նոր բացահայտված փաստաթղթերից պարզ է դառնում, որ նրանք օֆշորային ընկերությունների երկար շարանով կապված են նաև Ադրբեջանի բջջային կապի խոշորագույն և մեծությամբ առաջին ընկերության` «Ազերսել»-ի հետ:

Դա նշանակում է, որ Ադրբեջանում բջջային կապի երեք ընկերություններից երկուսը շատ սերտ կապված են Ալիևների ընտանիքի հետ, իսկ թե ովքեր են երրորդ ընկերության սեփականատերերը, ոչ ոք չգիտի` շնորհիվ դրա առավել բարդ ու խճճված օֆշորային գրանցումների:

«Ստուգված փաստաթղթերով, նախագահական ընտանիքը կապ ունի Ադրբեջանի ողջ բջջային շուկայի մոտ երեք քառորդի հետ: Այս գերակայությունը շուկայում լրջագույն հարցեր է բարձրացնում Ադրբեջանում ինտերնետի վերահսկողության և հաղորդակցության անվտանգության վերաբերյալ: Այս հանգամանքը կարող է նաև բացատրել, թե ինչու են Ադրբեջանում բողոքում ինտերնետի և բջջային կապի բարձր գներից», - գրում է Իսմաիլովան:

Ադրբեջանի մեծությամբ առաջին և երրորդ հեռահաղորդակցության ընկերությունների և իշխանությունների կապը իրավապաշտպանների համար մտահոգությունների լուրջ աղբյուր է և կարող է վկայել այն մասին, որ բջջային այդ ընկերությունները համագործակցում են իշխանությունների հետ` նրանց տրամադրելով իրենց օգտատերերի հեռախոսազանգերի գաղտնալսումները, ուղարկած հաղորդագրությունները, այցելած կայքերն ու էլեկտրոնային նամակագրությունը:

Լրատվական դաշտում աշխատող իրավապաշտպանները կարծում են, այս քողարկված կապերը հարցականի տակ են դնում ինտերնետի ազատությունը այն առումով, որ իշխանության ներկայացուցիչներրը գաղտնալսում են քաղաքացիներին:

Օրինակ, Բաքվում գործող «Մեդիա» իրավունքի ինստիտուտի ղեկավար Ռաշիդ Հաջիլին, ով զբաղվում է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, ասում է, որ Ադրբեջանի իշխանությունը վերահսկում է համացանցը: Նա նշում է բազմաթիվ դեպքեր, երբ արգելափակվել են քննադատական կայքերը:

Փաստաբան Էլչին Սադիգովը ասում է, որ թեև օրենքը պարտադրում է միայն դատարանի որոշմամբ տրամադրել նման տեղեկությունները, Ադրբեջանի բջջային ընկերությունները անգամ դատարանի վճռին չեն սպասում իրենց օգտատերերի հեռախոսազանգերն ու ուղարկած հաղորդագրությունները իշխանություններին տրամադրելու համար: Բազմաթիվ քաղաքական դատավարությունները դա են փաստում: Օրինակ, լրագրող Ավազ Զեյնալիի կամ Ազատլիկ թերթի թղթակից Ագիլ Խալիլի դատավարությունները, որոնց մեղադրանքների հիմքում հենց ապօրինի գաղտնալսումներն են դրվել:

Ադրբեջանում իշխանական ընտանիքի և բջջային կապի ընկերությունների քողարկված կապը հարցեր է բարձրացնում, թե որքանով է մրցակցությունն իրական երկու խոշոր ընկերություների միջև:

«Գրեթե մենաշնորհային վիճակը Ադրբեջանի բջջային շուկայում կարող է և բարձր գների պատճառը լինել», - գրում է Խադիջա Իսմայիլովան` բերելով տարածաշրջանում բջջային կապի սակագների համեմատական պատկերը, որի համաձայն Ադրբեջանում գործող սակագինն ամենաբարձրերից է:

Ադրբեջանի իշխանությունները և երեք բջջային օպերատորները պնդում են, որ մրցակցություն կա, սակայն հրաժարվում են պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի հարցերին` իրենց սեփականության կառուցվածքի մասին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG