Մատչելիության հղումներ

Արյունալի բախումներն Ուկրաինայում չեն դադարում


Մարտական գործողություններից վնասված շենք: Լուգանսկ, 15-ը հուլիսի, 2014 թ.
Մարտական գործողություններից վնասված շենք: Լուգանսկ, 15-ը հուլիսի, 2014 թ.

ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի անջատականներին օգնելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին սատարելու, զենք և ծանր տեխնիկա, այդ թվում հրասայլեր մատակարարելու համար։

Պետական դեպարտամենտը երեկ տարածել է պաշտոնական զեկույց, որի համաձայն, ռուսները ֆինանսավորում են զինված անջատականներին և պայմաններ ստեղծում, որ նրանք տեղափոխվեն Ուկրաինայի տարածք։

Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է զինուժի կուտակումն Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ։ Ռուսներն այդ շրջան են հասցրել այնպիսի հրասայլեր, որոնք այլևս չեն օգտագործվում ռուսական բանակում։

«Մեզ անհանգստացնում է այդ տեսակի հրասայլերն անջատականներին տրամադրելու հնարավորությունը: Մենք ունենք փաստեր, որոնք ապացուցում են, որ ռուսներն այդ շրջանում անջատականներին արդեն փոխանցել են հրասայլեր, ինչպես նաև հրթիռային կայանքներ», - ասվում է պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունում։

Սնեժնոյե ավանը հրթիռակոծեն են, բայց ովքե՞ր

Մինչդեռ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դոնեցկի շրջանի Սնեժնոյե ավանի մոտակայքում, որտեղ կան անջատականների խոշոր ստորաբաժանումներ, այսօր լուրջ բախումներ են տեղի ունեցել։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-անց կեսին ավանը հրթիռակոծվել է։ «Քաղաքում կան սպանվածներ և վիրավորներ: Վաղ առավոտ էր, մարդիկ դեռ տներում էին, տուժածների ստույգ թիվը հայտնի չէ, հիմա նոր ենք սկսում փլատակները մաքրել», - գործակալությանն ասել է Սնեժնոյե ավանի հիվանդանոցի բժիշկը։

Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի կայքէջում ավանի հրթիռակոծության արդյունքների մասին տեղեկություններ չկան։ Անջատականները պնդում են, որ Սնեժնոյե ավանի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակել ուկրաինական օդուժի ինքնաթիռը։

Անջատականներն այդ բախման կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նորից կոչ են արել զորք մտցնել Ուկրաինա։

Սակայն «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը հերքել է ավանի հրթիռակոծությանն ուկրաինական օդուժի մասնակցության մասին լուրը. - «Մեր տվյալներով, ուկրաինական ավիացիան երեկ թռիչքներ ընդհանրապես չի կատարել, հետևաբար այդ հարվածներն ուկրաինացիները չեն հասցրել»։

Նրա պնդմամբ` Սնեժնոյեն ռուսներն են հրթիռակոծել։ Ուկրաինայի զինված ուժերի հակաահաբեկչական գործողության հարցով մամլո ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովն ասել է, որ ԱՆ-26 մակնիշի օդանավի վայր ընկնելուց հետո հատուկ հետաքննություն է վարվում, և ուկրաինական ինքնաթիռներն օդ չեն բարձրանում։

Ի դեպ, ուկրաինական կայքերը հիշեցնում են, որ օրեր առաջ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Պլոտնիցկին ասել է, թե անջատականներն, իբր, ՍՈԻ-25 տեսակի մարտական օդանավ են խլել ուկրաինացիներից և հիմա իրենց սեփական օդուժն են ստեղծում։

«Արյունոտ սադրանք»

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրուրդը հայտարարել է, թե «Սնեժնոյե ավանի հրթիռակոծությունը ցինիկ և արյունոտ սադրանք է, որն Ուկրաինայի բանակը վարկաբեկելու նպատակով իրականացրել է անհայտ օդանավը»։

Այդ մասին ասել է խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Լիսենկոն` հավելելով, որ Ռուսաստանի տարածքից մի քանի ուղղություններով գնդակոծվել են ուկրաինացի սահմանապահների դիրքերը և պայթեցվել է մի քանի արկ։

Կիևը հայտարարել է, թե անջատականները հրաժարվում են բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ։ Անջատականները պնդում են, որ մոտ ապագայում հարձակման են անցնելու։

Սնեժնոյե ավանում բնակվում է մոտ 50 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG