Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանում Բրազիլիայի դեսպանն անդրադարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իր երկրի ազգային հավաքականի մրցելույթներին:

«Ազատության» հետ զրույցում դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն ասաց, որ վատ երազներ է տեսնում՝ խոստովանելով, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իր համար ծանր է անցել:

«Երազումս Բրազիլիա - Չիլի խաղն եմ տեսնում, և Չիլին հաղթում է Բրազիլիային։ Անգամ երազ եմ տեսել, թե ինչպես է գնդակը բարձրանում օդ, իսկ հետո իջնում ու հայտնվում Բրազիլիայի դարպասում», - ասաց դեսպանը։

Գերմանիայի թիմի հետ կապված սարսափ երազներ Բրազիլիայի դեսպանը դեռ չի տեսել, քանի որ այդպիսիք իրական կյանքում է տեսել։

«Երկրորդ գոլից հետո ես սկսեցի կողքիս մարդկանց հետ խոսել, երրորդից հետո շարունակեցի զրույցը, բայց չորրորդ գոլից հետո չդիմացա․ մենք սրճարանում էինք դիտում խաղը, ես դուրս եկա և գնացի տուն», - ասաց Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն:

Դեսպանը անկեղծացավ, որ մի կերպ է զսպում հուզմունքը: Նա գիտի իրեն կառավարել, մինչդեռ միլիոնավոր բրազիլացիների և հատկապես երեխաների լացը նրա վրա շատ է ազդել․ - «Մենք հիասթափված և զայրացած էինք, քանի որ կարող էինք ավելի լավ հավաքական ունենալ: Ես չեմ ուզում ոչ ոքի մեղադրել, բայց մենք կարող էինք ավելի լավ թիմ ունենալ, ֆուտբոլիստներ և լավ մարտավարություն»։

Նախկին ֆուտբոլիստ-դեսպանի վերլուծությամբ՝ Բրազիլիայի հավաքականի հիմնական խնդիրը պաշտպանությունն էր։ Նրա խոսքով՝ հիմա Բրազիլիայում քննարկում են եվրոպացի մարզիչ բերելու և լատինամերիկյան ֆուտբոլը եվրոպականով փոխարինելու հարցը։ Ինքը համաձայն չէ այս կարծիքի հետ և վստահ է, որ այսպիսի ամոթալի ելույթներ Բրազիլիայի հավաքականը այլևս չի ունենա։

XS
SM
MD
LG