Մատչելիության հղումներ

«Հրապարակ» օրաթերթն ու ilur.am էլեկտրոնային կայքը մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել են Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի պարտավորեցնող որոշումը հրապարակված տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ, սակայն ցայսօր տեղյակ չեն` բողոքն ընդունվե՞լ է վարույթ, թե՞ ոչ:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը զգուշացրեց, որ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պարտադրանքը կարող է դառնալ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի նոր վճռի պատճառ. - «Իրենք չեն պատկերացնում, որ սա շատ վտանգավոր հետևանքներով է հղի»:

Մայիսի սկզբին «Հրապարակ» օրաթերթն ու ilur.am կայքը տեղեկացրել էին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը զենքի գործադրմամբ բռնության է ենթարկել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և նրա եղբորը: Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` հարուցված քրեական գործի շրջանակներում լրատվամիջոցներին պարտավորեցրել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Նշենք, որ թեև քրեական գործը հարուցված է, բայց Շիրակի ոստիկանապետին մինչև հիմա որևէ մեղադրանք առաջադրված չէ:

Զեյնալյանի փոխանցմամբ` մեկ շաբաթ առաջ ուղարկված բողոքից տեղեկություն չունեն, չգիտեն այն վարույթ ընդունվե՞լ է, թե՞ոչ:

«Զանգվածային լրատվության միջոցը այս տեղեկատվությանը չի տնօրինում: Այս տեղեկատվությանը տնօրինում է միայն հոդվածի հեղինակը: Եվ նա այս դատական ակտը կարող է նաև չկատարել, որովհետև սա իրեն չի վերաբերվում», - հավելեց նա:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը անհեթեթ է համարում դատարանի որոշումը, քանի որ, նրա խոսքով` Գյումրիում այս գործը վաղուց բացահայտված է, բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել:

Բարսեղյանը համոզված է, որ ցանկության դեպքում իրավապահները կարող էին այն բացահայտել. - «Օրինակ, ընտրությունների ժամանակ, երբ զանգվածային կեղծիքների, կաշառքի և այլ հանցագործությունների մասին լուրեր ենք տարածում նաև մենք, անմիջապես ոստիկանությունից արձագանք է լինում, թե` մեզ տվեք հասցե, անուն-ազգանուն… Իրենց թվում է, թե լրատվամիջոցները իրենց փաստահավաք խումբն են»:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը, որ օմբուդսմենը տեղեկատվության աղբյուրի պաշտպանության հարցում վտանգներ է տեսնում. - «Պահանջ ներկայացնելը լրատվամիջոցին` տեղեկատվության աղբյուրը բացահայտելու, ընդհանրապես կարող է հանգեցնել այս իրավունքի արժեզրկմանը և ի վերջո կարող է հանգեցնել լրատվամիջոցի կողմից տեղեկություն, տեղեկատվություն ձեռք բերելու հնարավորության վերացմանը»:

Նա հայտարարեց, որ Եվրախորհրդի անդամ Հայաստանը պարտավոր է պահպանել այդ կառույցի սահմանած պահանջներն ու տեղեկատվության աղբյուրը բացահայտելու հարց դնի միայն ծայրահեղ դեպքերում. - «Մասնավորապես, խոսքը գնում է մարդկային կյանքի պաշտպանության, ծանր հանցագործությունը կանխարգելելու կամ ծանր հանցանք կատարած անձի դատարանում դատական պաշտպանության իրականացման համար: Երկրորդ` ամենակարևոր նախապայմանը բոլոր այլընտրանքային միջոցների սպառման նախապայմանն է»:

Արտակ Զեյնալյանը համոզված է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտելու պարտադրանքը մամուլի դեմ է ուղղված. - «Փորձում են հանրությանը, հասարակությանը լռեցնել, ինքնազսպաշապիկի մեջ դնել»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Այդպիսի շաբաթ չկա, որ մեր որևէ լրագրողի չհրավիրեն հանցաքննության, այդպիսի երևի օր չկա, որ որևէ գրություն, որևէ զանգ չլինի»:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարություն` օրենսդրական փոփոխություններ անել և վերջ դնել լրագրողներին այս կամ այն գործի շրջանակներում որպես վկա կանչելու պրակտիկային:

XS
SM
MD
LG