Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հավատարմագրերն է հանձնել Բարաք Օբամային


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության

Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պաշտոնական արարողությանը Սարգսյանը նշել է, որ հայ - ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցությամբ։ Դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը:

Ողջունելով և շնորհավորելով Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Օբաման վստահություն է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:

Բարաք Օբաման շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Նա ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել անցած ամսվա վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG