Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհը միայն երկխոսությունն է


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկնաբանել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի ներթափանցման վերջին դեպքը:

Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը երկրորդ պատերազմ չի ուզում, բայց եթե Ադրբեջանը շարունակի իր հարձակողական վարքագիծը, Հայաստանը համարժեք հակահարվածով կպատասխանի։

«Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել և ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի հաջողություններ ունենալու, միակողմանի զիջումներ ունենալու», - լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը:

Նախարարը հավելեց, որ Ադրբեջանի նման գործելակեպրը նորություն չէ. - «Ադրբեջանը միշտ էլ փորձել է լարվածություն ստեղծել առաջին գծում, ակտիվ լինել։ Իհարկե ներքաղաքական եւ միջազգային նաև խնդիրներ իրականացնելու համար փորձելու է ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղվում են ղարաբաղյան խնդրով»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենց մտահոգում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ զենք վաճառելու փաստը. - «Իհարկե այս ամենը նաև մեզ է մտահոգում: Բայց այն, ինչ մենք կատարում ենք ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, ամեն ինչ չէ, որ կարելի է հանրությանը ներկայացնել: Եվ կարծում եմ, որ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, քան իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ»:

Նա ընդգծեց, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության լուծման ճանապարհը միայն երկխոսությունն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, որն էլ կբերի հակամարտության խաղաղ և քաղաքական ճանապարհով լուծման։

Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում` նախարարը նշեց, որ միջազգային այս կառույցը համամիտ է հայկական կողմի առաջարկներին՝ ստեղծել վստահության մթնոլորտ. - «Իսկ վստահության մթնոլորտի մեջ մնում է այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են դիպուկահարների հետ քաշելը, զերծ մնալ դիվերսիոն-հետախուզական գործողություններից, խախտումների դեպքում միջազգային հետաքննության անցկացումը: Միանշանակ նրանք [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները] հորդորում են երկու կողմերին էլ: Միանշանակ մենք միշտ արտահայտվում ենք, որ մենք պատրաստ ենք: Ցավոք սրտի, մենք գործ ունենք մի այնպիսի հարևանի հետ, որը այլ կերպ է մտածում: Մեզ մնում է, որպեսզի մենք մեր սկզբունքները պահպանենք, մտածենք յուրովի և արժանի հակահարված տանք և արժանի միջոցառումներ իրականացնենք այդ խախտումները կանխարգելելու համար», - ասաց Սեյրան Օհանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբը նման իրավիճակներում գնահատականներ տալիս հստակորեն չի մատնանշում խախտում անող կողմերին, պաշտպանության նախարարն արձագանքեց, որ իրենց ցանկությունն էլ դա է՝ որ գնահատական տրվի ու նշվի խախտումների կողմը. - «Բայց նրանք մտածում են յուրովի, որպեսզի ստեղծված նաև այս փխրուն իրավիճակը չվերածվի այլ, մեծ բախումների»:

Հակառակորդի կողմից դիվերսիայի վերջին փորձը հայկական կողմի համար ողբերգական հետևանքներ է ունեցել. հակառակորդը հասել էր Քարվաճառ ու հարձակվել ճանապարհով ընթացող ավտոմեքենայի վրա, սպանել ուղևորներից մեկին, մյուսին էլ վիրավորել։

«Ազատության» հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ, սահմանապահները թերացել են, նախարար Օհանյանը պատասխանեց, որ սահմանի երկայնքով որոշ հատվածներ, հատկապես Քարվաճառում, բարդ պայմանները հնարավորություն չեն տալիս ողջ տարածքը թշնամուց փակել. - «Նրանք, ովքեր եղել են մեր սահմանագծի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորքերը հերթապահություն են իրականացնում, բարդ, լեռնաանտառային պայմանները այսօր հնարավորություն չեն ստեղծում ամբողջությամբ փակել: Ես հրավիրում եմ այդ սահմաններ: Այդ սահմաններում դուք ինքներդ կգաք եզրակացության»:

3.09

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG