Մատչելիության հղումներ

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու ներքին վերականգնումը դեռ առջևում է


Վրաստան - Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին, հունիս, 2014թ․

Վրաստան - Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին, հունիս, 2014թ․

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ տաճարում արդեն կատարվել են ամրացման և մասնակի վերակառուցման աշխատանքներ, սակայն եկեղեցու ներքին վերականգնումը առջևում է: Այդ մասին հայտնել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երեկ Թբիլիսիում Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ:

Սրբազանը հույս է հայտնել, որ հիմնանորոգումից հետո Սուրբ Գևորգ տաճարը վերստին կներկայանա նորոգված, ամրացված ու գեղեցկացած տեսքով, վերականգնված որմնանկարչությամբ և պղնձե թիթեղապատ գմբեթով՝ որպես Վիրահայոց թեմի պատմական առաջնորդանիստ եկեղեցի:

Սուրբ Գևորգ տաճարը կառուցվել է 1251 թվականին, Նարիղալա բերդի ստորոտում 631 թվականին կառուցված առաջին հայկական տաճարի տեղում: Նաղաշ Հովնաթանյանի և Գևորգ Բաշինջաղյանի գեղանկարչության նմուշներով զարդանախշված տաճարը վերջին անգամ վերանորոգվել էր 1924 թվականին:

Հովհաննես Մանուկյանը Վիրահայոց թեմ է այցելել Վրաստան երկօրյա այցի շրջանակներում: Ինչպես նշված է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, դեռ Վրաստանում Հայաստանի դեսպան եղած ժամանակ Մանուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի հոգևոր մշակութային կյանքը, ուստի այցն առիթ էր հետաքրքրվելու Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարական աշխատանքների վիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG