Մատչելիության հղումներ

Դիվերսիոն խմբի ներթափանցման փաստով քրեական գործ է հարուցվել


Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմիններն այսօր քրեական գործ են հարուցել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փաստի կապակցությամբ:

Ինչպես այսօր տեղեկացրել է Ղարաբաղի դատախազությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ 1968 թվականին ծնված Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, ում արդեն մեղադրանք է ներկայացվել, և 1960 թվականին ծնված Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Նրանք երկուսն էլ եղել են զինված ավտոմատներով, ատրճանակներով՝ իրենց խլացուցիչներով, ինչպես նաև նռնակներով:

Ղարաբաղի դատախազությունը տեղեկացնում է, որ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է: Նշենք, որ հարուցված քրեական գործը գտնվում է Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության վարույթում, տարվում է նախաքննություն:

Ղարաբաղում հարուցված քրեական գործին այսօր ավելի վաղ անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հանցագործություն կատարած անձինք պատժվելու են:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմիններն այսօր այդ խնդրի շուրջը քրեական գործ են հարուցել և նրանք պատասխան կտան և՛ մեր օրենքների, և՛ միջազգային նորմերի պահանջների համաձայն», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հակադարձելով Ադրբեջանից հնչող այն պնդումներին, թե ձերբակալված խմբի անդամներին պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, այսինքն, որ նրանք ենթակա են վերադարձման, ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ, մինչդեռ այս դեպքում անհերքելի ապացույցներ կան այն մասին, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Սեյրան Օհանյանն այսօր նույնպես ընդգծեց՝ դիվերսիոն գործողության ընթացքում օգտագործվել են հանցավոր խմբեր:

«Դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործում է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին և նաև մեր օրենքների համաձայն հանցագործություն են կատարել», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանցիների իրականացրած դիվերսիոն-հետախուզական գործողությունների հետևանքով սպանվել է 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, ծանր հրազենային վիրավորում էր ստացել 37-ամյա Կարինե Դավթյանը, ով այժմ ծանր կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում։

23 տարի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ևս «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ձերբակալված այս ադրբեջանցիները ռազմագերիներ չեն և հետևաբար վերադարձման ենթակա չեն:

«Իրենք ռազմագերիներ չեն, իրենք անձիք են, ովքեր այլ երկրում գործել են ծանր հանցագործություն, մասնավորապես՝ սպանություն և ծանր վնասվածք հասցնել», - ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ռազմագերիների և պատանդների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող իրավապաշտպանը զարմանում է, երբ լրատվական որոշ կայքերում կամ սոցիալական ցանցերում կասկածի տակ է դրվում ձերբակալված ադրբեջանցիների՝ դիվերսանտ լինել-չլինելու հարցը: Լարիսա Ալավերդյանը նշում է, թե չի կարելի այդքան անտեղյակ լինելով հանդերձ նման դատողություններ անել: Վերջինիս փոխանցմամբ, Ադրբեջանի հատուկ ծառայությունները միտումնավոր են հենց նման արտաքինով անձանց ուղարկում դիվերսիոն գործողության, որպեսզի նրանք շատ չտարբերվեն տեղի բնակիչներից և կասկածներ չհարուցեն: Ալավերդյանը, մասնավորապես, արձագանքում է ձերբակալվածներից մեկի՝ Շահբազ Գուլիևի արտաքինի հետ կապված մեկնաբանություններին, թե՝ փորով դիվերսանտ չի լինում:

«Փորով գեներալ կլինի, փորով դիվերսանտ չի՞ լինի: Մեծ մասը հենց այդպիսին են զինվորականները՝ խոսքը գնում է այդ տարիքի մասին: Այդ ինչո՞ւ մենք այդքան խելոք ենք, իսկ ադրբեջանցին խելոք չէ՞», - հարցնում է Ալավերդյանը:

Ի դեպ, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն գործողություններին ու հայկական բնակավայրերի գնդակոծմանը, նախկին օմբուդսմենը կարծիք է հայտնում, թե Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ գործողությունների համար իրենց հայտարարություններով պարարտ հող են ստեղծում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ովքեր պարբերաբար խոսում են Ղարաբաղի ստատուս քվոյի վտանգավոր լինելու և գրավյալ տարածքները վերադարձնելու մասին: Լարիսա Ալավերդյանը անընդունելի է համարում անգամ երկու կողմերի միջև փոխվստահության խնդիրը չլուծած՝ նման հայտարարություններ անելը:

«Չսանձած որևէ ձևով Ադրբեջանի քաղաքականությունը՝ ակնհայտ մարդատյաց, հայատյաց և ռասիստական, նրանք արդեն հնչեցնում են այն միտքը, որ՝ եկեք այս անենք, այն անենք: Շատ կներե՛ք, եկեք սկզբից՝ Ջեյմ Ուորլիքը և դեսպանը թող ասեն ինչի՞ են իրենք հասել այս տարիների ընթացքում այդ մթնոլորտը ստեղծելու համար: Ա՛յ, երբ որ իրենք ինձ ցույց տան այդ արդյունքները, մենք կխոսենք մնացածի մասին», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG