Մատչելիության հղումներ

Գյուլնարա Քարիմովայի հայազգի գործընկերը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման


Գյուլնարա Քարիմովա, արխիվ

Գյուլնարա Քարիմովա, արխիվ

Գայանե Ավագյանը մեղադրվում է փողերի լվացման, հարկերից խուսափելու և մի շարք այլ հանցանքների մեջ։

Ուզբեկական հայտնի կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատարներից մեկը՝ հայազգի Գայանե Ավագյանը դատապարտվել է երկար տարիների ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Դատական նիստը դռնփակ էր, քանի որ Ավագյանից բացի դատում էին նաև Ուզբեկստանի Ազգային անվտանգության խորհրդի մի խումբ աշխատակիցների, ովքեր մեղադրվում են մարդկանց առևանգելու, թանկարժեք իրերի ապօրինի արտահանման մեջ», - փոխանցում է «Ազատության» ուզբեկական ծառայությունը՝ նշելով, որ այս գործի մանրամասները դատախազության կողմից խիստ գաղտնի են պահվում։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանի նախագահի դստեր` Գուլնարա Քարիմովայի շուրջ դեռ ամիսներ առաջ ծագած կոռուպցիոն սկանդալում ակտիվորեն շրջանառվում էին հայազգի Գայանե Ավագյանի և ռուսաստանցի Մադումարովի անունները։

Քարիմովային պատկանող մի շարք ընկերություններում թույլ տրված խախտումները հետաքննող Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը դեռևս փետրվարին բերման է ենթարկել Քարիմովայի մերձավոր շրջապատի գրեթե բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում նրա մտերիմ ընկերուհուն՝ Գայանե Ավագյանին։

BBC-ի ուզբեկական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Քարիմովայի բիզնես-գործընկերները, ովքեր մեղադրվում են փողերի լվացման, հարկերից խուսափելու և մի շարք այլ հանցանքների մեջ, դատապարտվել են երկար տարիների ազատազրկման։ Մասնավորապես, Գայանե Ավագյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, իսկ Մադումարովը՝ 10 տարվա։

Տաշքենդում բնակվող հայազգի այս կնոջ մասին բաց աղբյուրներում առկա տեղեկությունները հատուկենտ են: Հայտնի է միայն, որ Ավագյանը ծնվել է 1985 թվականին, ղեկավարում է Քարիմովայի հետ անմիջական առնչություն ունեցող օֆշորային մի շարք ընկերություններ: Ըստ ռուսական աղբյուրների, Ավագյանին է պատկանում Coca Cola Uzbekistan ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը։

Իր սրընթաց բիզնես կարիերան հայազգի այս կինը սկսել է մի քանի տարի առաջ` գլխավորելով նախագահի դստերը պատկանող Նորաձևության տունը:

Ավագյանի գործունեությունը, ի դեպ, հետաքննում են նաև Շվեդիայի և Շվեյցարիայի իրավապահները: Այստեղ նրան մեղադրում են կոռուպցիոն ճանապարհով Ուզբեկստանում վաստակած փողերի լվացումը շվեյցարական բանկերի միջոցով իրականացնելու մեջ:

XS
SM
MD
LG