Մատչելիության հղումներ

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի արդյունքում էլ պարզ կդառնա Քարվաճառում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի նպատակը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական դիվերսանտներին հաջողվում է անցնել հայկական սահմանը, Կոմանդոսն ասաց, թե փոքրաթիվ խմբեր և՛ մեր, և՛ ադրբեջանական կողմից միշտ էլ կարող են անցնել սահմանը: Դա հասարակության համար է անսպասելի, սակայն այդ ներթափանցումները զինվորական գործողություններ են, որոնք 2 կողմն էլ իրականացնում է: Գեներալ-մայորը հիշեցնում է անցած ամիս տեղի ունեցած դեպքը, երբ հայկական ուժերը Նախիջևանի հատվածում բարելավեցին դիրքերը՝ գրավելով բարձունքներից մեկը:

«Ադրբեջանցիք այստեղ նստած էին՝ հիմա մերոնք բարձրացան այդ բարձունքի վրա, իրենք բոլորը այստեղից փախան, մերոնք այս տարածքները վերցրել են: Այ այս տարածքը ու այս տարածքը, հիմա ազատ են», - պատմեց նա, - «Այստեղ իրենց ոչխարներն էին, կովերն էին»:

Արկադի Տեր-Թադևոսյանը քիչ հավանական է համարում, որ ադրբեջանցի դիվերսանտները գերեվարած լինեն 17-ամյա Սմբատ Ցականյանին: Հիշեցնենք՝ տղան արդեն 10 օր է՝ անհետ կորած է: Ծնողները չեն բացառում, որ Սմբատին տանից առևանգել են ադրբեջանցիները, մինչդեռ ռազմական գործողությունների մեծ փորձ ունեցող գեներալը նշում է՝ դիվերսանտները գերեվարում են ինֆորմացիայի կրող անձանց, իսկ 17 տարեկան գյուղի երեխան դժվար թե նրանց համար օգտակար տեղեկատվություն կարողանա փոխանցել:

Չնայած վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն հարձակման փորձերին, հայկական բնակավայրերի ամենօրյա գնդակոծումներին, Արկադի Տեր-Թադևոսյանը վստահ է՝ պատերազմի վերսկսման հավանականությունը չի մեծացել: Ադրբեջանցիները հասկանում են՝ եթե պատերազմ սկսվի, առաջինը թիրախ են դառնալու իրենց նավթատար խողովակները, այդ պատերազմի վերսկսումը թույլ չեն տա նաև այդ նավթամուղերից օգտվող եվրոպական երկրները: Գեներալը ցույց է տալիս պարբերաբար գնդակոծումների ենթարկվող Տավուշի մարզի Չինարի գյուղը, նշելով, որ այնտեղից կարելի է հանգիստ հարվածել Ադրբեջանի նավթամուղերին:

«Այդ կռվի մասին իրենք շատ են խոսում՝ վաղը կլինի, մյուս օրը կլինի․․․ չի համապատասխանում իրականությանը», - մեկնաբանեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Միևնույն ժամանակ զինվորականը նշում է, որ ադրբեջանական կողմը պատերազմը սկսելու 3 տարբերակ ունի: Հենց այդ տարբերականերն էլ դիտարկվել են Ադրբեջանում օրերս ավարտված լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Կոմանդոսը քարտեզի վրա ցույց է տալիս՝ պատերազմական գործողությունները սկսելու երկու տարբերակները Ղարաբաղի ուղղությամբ են, 3-րդը՝ Հայաստանի:

«Առաջինը՝ իրենք հարձակվում են, մտնում են Ղարաբաղ ու Ղարաբաղը գրավում են: Երկրորդ վարիանտը՝ իրենք մտածում են, որ հարձակվեն այս կողմից՝ Հադրութի, գան Քարվաճառ: Ու կա վարիանտ, որ ամենավատն է, կարող է Հայաստանի հետ սկսել կռիվը: Այս երեք տարբերակով իրենք այդ վարժությունները անցկացնում են», - ասաց նա:

Արկադի Տեր-Թադևոսյանը, ով ղեկավարել է Շուշիի ազատագրման ռազմական գործողությունները, ասում է, որ բոլոր տարբերակներն էլ հսկվում են հայկական ուժերի կողմից: Օրինակ՝ այս զորավարժություններին Ադրբեջանը 80 տանկ է օգտագործել, մինչդեռ տեղանքի առանձնահատկություններից ելնելով այդքան տանկ Ղարաբաղի կողմից հնարավոր չէ օգտագործել:

«Ղարաբաղը սարերի վրա: Դա մեզ օգնում է, հասկանո՞ւմ եք: Ադրբեջանը՝ իրենք ոնց որ Շուշի գրավեն: Իհարկե, հնարավոր է բարձրացնել՝ ասենք մի 10 հատ տանկ: Շա՜տ-շա՜տ 20 հատ տանկ: Այդ 20 հատ տանկը ի՞նչ է, որ զինվորները չվերացնեն», - ասաց գեներալը:

Ի դեպ՝ ռուսական մամուլի փոխանցմամբ վերջին շրջանում Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել մոտ 100 ժամանակակից տանկ, ևս 100-ը պետք է վաճառի: Արկադի Տեր-Թադևոսյանը բացասական է գնահատում այն փաստը, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը ահռելի քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ ընդգծում է՝ եթե Ադրբեջանը պետք է զենք գնի, ապա ավելի լավ է այն ձեռք բերի Ռուսաստանից, քան թե Իսրայելից կամ Գերմանիայից:

«Իրենք զենքերը առնում են, ու այդ զենքերին պետք է սովորեցնել՝ չէ՞։ Պետք է զինվորներին ուղարկեն այդ պետությունները, սովորեցնեն այնտեղ, վարպետներ պետք է այստեղ սովորեցնեն, բազա պետք է ստեղծվի: Ռուսաստանն էլ չի ուզում, որ Ադրբեջանը օտար ազդեցության տակ ընկնի, ինքն ուզում է Ադրբեջանին պահի իր հսկողության տակ: Ավելի լավ է իրենք Ռուսաստանի հսկողության տակ լինի, քան ուրիշ պետության», - եզրափակեց զինվորականը:

XS
SM
MD
LG