Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Օլանդին, այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն


Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորում է դեսպան Անրի Ռենոյին, Երևան, 14-ը հուլիսի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորում է դեսպան Անրի Ռենոյին, Երևան, 14-ը հուլիսի, 2014թ․

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ - ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը»:

«Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա, ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - Օլանդին գրել է Սարգսյանը:

«Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում», - Ֆրանսիայի նախագահին գրել է Հայաստանի նախագահը՝ Օլանդին մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ ֆրանսիական դեսպանատուն է այցելել և դեսպանին, դիվանագիտական առաքելության անձնակազմին ու Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG