Մատչելիության հղումներ

Գերմանիան դարձավ եվրոպական առաջին հավաքականը, որը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հարավային Ամերիկայում անցկացված առաջնությունում։

Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության հաղթող դարձավ Գերմանիայի հավաքականը՝ չորրորդ անգամ նվաճելով աշխարհի գավաթը։

Մարիո Գյոտցեն գրավում է Արգենտինայի հավաքականի դարպասը

Մարիո Գյոտցեն գրավում է Արգենտինայի հավաքականի դարպասը

Կիրակի օրը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում անցկացված եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի հավաքականի հետ գերմանացիները ավարտեցին հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին, միակ գնդակը լրացուցիչ ժամանակում՝ խաղի 113-րդ րոպեին խփեց Մարիո Գյոտցեն։

2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 7 հանդիպումներից 6-ում Գերմանիայի հավաքականը հաղթանակ է տարել, ընդ որում կիսաեզրափակիչում 7:1 հաշվով առավելության է հասել դաշտի տերերի նկատմամբ, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի։

Առաջնությունում երկրորդ տեղը գրավեց աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականը, իսկ երրորդը Նիդերլանդներն է, որը նախօրեին երրորդ տեղի համար խաղում 3:0 հաշվով հաղթեց Բրազիլիայի հավաքականին։

Աշխարհի 20-րդ առաջնության լավագույն դարպասապահ ճանաչվեց Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը, Ոսկե գնդակը ստացավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Մրցաշարի լավագույն ռմբարկուն դարձավ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը՝ խփած 6 գնդակով։

Գերմանիան դարձավ եվրոպական առաջին հավաքականը, որը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Հարավային Ամերիկայում անցկացված առաջնությունում։

Գերմանիայից բացի, աշխարհի գավաթը չորս անգամ նվաճել է նաև Իտալիան, իսկ ռեկորդակիրը այդ առումով մնում է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG