Մատչելիության հղումներ

Դիվերսանտը փորձել է հայ սպայի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն հայ դիրքապահները կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը և ոչնչացրել նրան։

Ուրբաթ օրը Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:

Այս մասին այսօր Եղեգնաձոր քաղաքում 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, որ երեկ 18։00-ի սահմաններում Քարվաճառի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանը հատած դիվերսանտը հարձակվել է ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի քաղաքացիական համարանիշներով ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Սամվելի Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին։

Դիվերսանտը փորձել է նույն ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն հայ դիրքապահները կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը և փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել դիվերսանտին։

Կնոջը տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կարինե Դավթյանի վիճակը կայուն ծանր է, դրական նախանշաններով։

Հիշեցնենք, հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել էին, մյուսները դիմել էին փախուստի։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հետախուզական դիվերսիաների փորձերը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների։

«Շատ հաճախ այս իրադարձությունները ունեն պատասխանների, հակապատասխանների բնույթ, երբ ադրբեջանական կողմի գործողություններից հետո լինում է հայկական կողմերի պատասխանը՝ լինի դա դիպուկահարների, կամ հատուկ նշանակության զորքերի գործունեության արդյունք, որից հետո ադրբեջանցիները փորձում են վերականգնել պարիտետը, և ժամանակ առ ժամանակ ունենում ենք այսպիսի պիկային շրջաններ»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության փորձին, ապա Մինասյանը դա պայմանավորում է ամառային եղանակով, երբ այդ տեղանքն ավելի անցանելի է դառնում.- «Ամռանը Քարվաճառի այդ սարերը դառնում են անցանելի հատուկ նշանակության ջոկատների համար, բավականին դժվար ռելիեֆ է այդտեղ, և շատ դժվար է հայ սահմանապահների համար ամբողջովին փակել այդ շրջանը, և այդ շրջանի որոշ նախկին բնակիչներից կազմված խմբեր փորձում են ներխուժել Քարվաճառ»։

XS
SM
MD
LG