Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանի պարտավորությունները վերաբերում են Հայաստանին, ոչ թե Ղարաբաղին»,- ասում է 1991-1997թթ. Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

Հարձակողական բնույթի մեծածավալ սպառազինություն վաճառելով Ադրբեջանին՝ Ռուսաստանը հայտարարում է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը և իր համար ընդունելի չէ ղարաբաղյան ստատուս քվոն։

«Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց 1991-1997թթ. Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

«Մենք պիտի զանազանենք՝ Ռուսաստանը մեր գործընկերն է Հայաստանի անվտանգության առումով, մանավանդ այն, ինչ վերաբերում է Թուրքիային։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերը չէ Ղարաբաղի հարցի լուծման առումով, նա միջնորդ է, նա իր տարածաշրջանային հարցերը ունի։ Հիմա այդ զենքի վաճառքը մեջտեղ է հանում այդ տարբերությունը, որ Ռուսաստանը երբեք չի ապահովել մեր ստատուս քվոն, երբեք չի ասել, որ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, տարածքների միացումը։ Ընդհակառակը Ռուսաստանը ասել է, որ այս ստատուս քվոն չի ընդունվի»,- ասաց Լիպարիտյանը։

Վերջին տարիներին չդադարող մատակարարումների շնորհիվ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը դարձել է Ադրբեջանին սպառազինություն վաճառոող թիվ մեկ երկիրը:

Օրերս արգենտինական Clarin թերթի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց.- «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել էր Հայաստանի նախագահը։

Հայաստանյան փորձագիտական հանրությունից հնչած գնահատականների համաձայն, Կրեմլի քայլերի առնչությամբ Սերժ Սարգսյանի աննախադեպ, հրապարակային դժգոհությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանն այլևս չի վստահում Ռուսաստանին և գիտակցում է՝ Ռուսաստանը չի պատրաստվում երաշխավորել Հայաստանի անվտանգությունը ղարաբաղյան ուղղությամբ:

«Ես հույս ունեմ, որ դա հասկանում ենք, բայց հարցն այն է, որ այս ցավակցական հեռագիրը, որ նախագահը ուղարկել է, քաղաքական քայլ է՝ ասելու, որ մենք այլևս այդ տարբերությունը տեսնելու ենք և հետևաբար մեր քաղաքականությունը ճշտենք։ Ես դա չեմ տեսնում դա դեռ։ Մենք ընդունել ենք այս բոլորը՝ Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, ասում ենք, որ դա մեր անվտանգությանն է վերաբերում, բայց հիմա տեսնում ենք, որ այդ անվտանգությունը չի վերաբերում Ղարաբաղին»,- ասաց Լիպարիտյանը։

«Ինձ համար շատ կարևոր է տեսնել՝ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը հետևելո՞ւ են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քայլերը՝ ճշգրտումներ մտցնել քաղաքականության մեջ»,- շարունակեց Լիպարիտյանը.- «Ես մեծ վտանգ եմ տեսնում Ղարաբաղի կապակցությամբ և այդ վտանգը գաղտնի չէ։ Ռուսաստանը ասում է մեզ՝ ստատուս քվոն չենք ընդունում, Ռուսաստանը ոչ անկախացում, ոչ էլ Հայաստանի հետ միացում է ճանաչել։ Այս բոլորը մի բան են նշանակում՝ Ռուսաստանի պարտավորությունները մեր նկատմամբ հստակ են, դրանք վերաբերում են Հայաստանին, ոչ թե Ղարաբաղին։ Եվ նույնիսկ երբ հարցը Հայաստանի մասին է, երբ Ադրբեջանը ռմբակոծում է մեր գյուղերը, Ռուսաստանը ոչինչ չի ասում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG