Մատչելիության հղումներ

Ջեյմս Բեյքեր. Համոզված եմ, որ աշխարհը պետք է շնորհակալ լինի Շևարդնաձեին


ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Ջեյմս Բեյքեր

ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Ջեյմս Բեյքեր

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Վիվյեն Շաքարյանը հարցազրույց է անցկացրել ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Ջեյմս Բեյքերի հետ, որի ընթացքում քննարկվել է Էդուարդ Շևարդնաձեի դերը Սառը պատերազմի խաղաղ ավարտի մեջ:

«Ամերիկայի Ձայն». - Շնորհակալություն, արտգործնախարար Բեյքեր, այսօր մեզ միանալու համար: Չնայած նախագահ Շևարդնաձեն ակնառու գործիչ է մնում միջազգային քաղաքականության մեջ, սակայն իր հայրենիքում նրա առաջնորդությունը տարակարծությունների տեղիք է տալիս: Ինչպես կգնահատեիք նրա գործունեությունն այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ: Արդյո՞ք նա արդյունավետ ղեկավար էր եղել:

Բեյքեր. - Խորհրդային Միության արտգործնախարարի պաշտոնում նա չափազանց հզոր և արդյունավետ է եղել: Նա ապա վերադարձել էր հարազատ Վրաստան: Բոլորն էլ քաջատեղյակ են, որ այդ ժամանակ քաղաքականությամբ զբաղվելն արյունալի գործ էր, սակայն նա շատ լավ էր պատրաստված դրան, և մուտք գործելով քաղաքականություն՝ վարվում էր այնպես, ինչպես այդ ժամանակ ընդունված էր Վրաստանի քաղաքականության մեջ: Սակայն այն ամենը, որ ինքն արել էր կամ չէր արել Վրաստանի նախագահի իր հետագա պաշտոնավարության ընթացքում չի կարող նսեմացնել իր՝ որպես Սառը պատերազմն ավարտի հասցնելու գործում վճռական նշանակություն ունեցած գործչի համբավը:

«Ամերիկայի Ձայն». - Արտգործնախարար Բեյքեր, կարո՞ղ եք ասել, թե ինչպիսի՞ ժառանգություն է թողել Շևարդնաձեն:

Բեյքեր. - Կարծում եմ՝ իր և Միխայիլ Գորբաչովի թողած ժառանգությունն այն է, որ նրանք հրաժարվել են խորհրդային կայսրությունը պահպանելու համար ուժ գործադրելուց: Դա, իմ կարծիքով, բավականին կարևոր ժառանգություն է, և ես վստահ եմ, որ պատմության մեջ նրանք արժանի տեղ կզբաղեցնեն:

«Ամերիկայի Ձայն». - Անդրադառնալով Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 20 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին՝ արդյո՞ք կարծում եք, որ կային հնարավորություններ, որոնք բաց են թողնվել:

Բեյքեր. - Հնարավորություններն առկա էին 1993-1994 թվականներին՝ ՆԱՏՕ-ի փոփոխության ընթացքում, երբ այն ռազմականից վերածվում էր ավելի շատ քաղաքական դաշինքի: Այդ ժամանակ ստեղծվել էր հնարավորություն թույլատրելու Ռուսաստանին դառնալ դաշինքի անդամ: Ափսոսում եմ, որ դա չի կատարվել, և կարծում եմ, որ սա կորսված հնարավորությունը է:

«Ամերիկայի Ձայն». - Դուք նշեցիք, որ Շևարդնաձեն նպաստել է Սառը պատերազմի խաղաղ ավարտին: Ի՞նչ էր նրան դրդել այս քայլի, և ինչու՞ են Շևարդնաձեի նման մարդիկ դիմում դրանց:

Բեյքեր. - Շևարդնաձեն նվիրյալ կոմունիստ է եղել: Նա սակայն սկսում էր հասկանալ, որ կոմունիստական համակարգը խաթարված է և չի գործում ի նպաստ Խորհրդային Միության ժողովրդի բարեկեցության: Կարծում եմ՝ նա եկել էր այն եզրակացության, որ այս իրավիճակը պետք է շտկվի, և առկա է խորը բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

«Ամերիկայի Ձայն». - Դուք և Շևարդնաձեն ներկայացնում էիք քաղաքական շատ տարբեր համակարգեր: Ինչպե՞ս են զարգացել ձեր հարաբերությունները:

Բեյքեր. - Սկզբում մենք թշնամաբար էինք տրամադրված իրար դեմ, սակայն հետագայում մտերիմ ընկերներ դարձանք: Ես շատ եմ հարգում Շևարդնաձեին, և կայցելեմ Թբիլիսիում կայանալիք հուղարկավորության արարողությունը: Համոզված եմ, որ աշխարհը պետք է շատ շնորհակալ լինի նրան:

«Ամերիկայի Ձայն». - Չէի՞ք ասի, թե ինչպիսի դեր է ունեցել «Ամերիկայի Ձայն»-ը Սառը պատերազմի ավարտին:

Բեյքեր. - «Ամերիկայի Ձայն»-ը չափազանց կարևոր նշանակություն է ունեցել Սառը պատերազմի ավարտին, քանի որ այն թույլ էր տալիս մեզ հասցնել մեր ուղերձն աշխարհի բազմաթիվ մարդկանց, մասնավորապես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բնակչությանը, որոնք ի վերջո, ձեռք բերեցին իրենց ազատությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG