Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցությունը ձգձվում է «անդամ երկրների միջև հակասությունների պատճառով»


ԵՏՄ-ին անդամակցությունը ձգձվում է «անդամ երկրների միջև հակասությունների պատճառով»
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Գալուստ Սահակյանը բացառում է, որ Եվրասիականին Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի փոխանցմամբ՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, որովհետև հակասություններ կան միության անդամ երեք երկրների միջև:

Այսօր «Ազատության» հետ զրույցում խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը նաև բացառեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի:

«Ես կարծում եմ՝ ձգձգումը պիտի նայել ոչ թե նեղ սպեկտորով, այլ աշխարհի քաղաքական կյանքում կարծեք թե որոշակի հեղաբեկումներ են տեղի ունենում, առավել ևս այն կարծիքին եմ, որ այսօր արդեն գործող Եվրասիական միության երեք անդամների շրջանում հակասություններ են նկատելի, դա արդեն մամուլի էլ է պարզ։ Ես կարծում եմ, որ այն պահանջները, որոնք քննարկվել են երկար ժամանակ, ընդունելի են երեք պետությունների կողմից, առավել ևս նաև փաստաթղթերը ուղարկվել են երեք պետություններին, դեռևս որևէ մեկը որևէ այլ առաջարկ չի ներկայացրել մեզ»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ հակասությունները կապված չեն Հայաստանի հետ.- «Առավել ևս Ղարաբաղի հարցի հետ կապված չէ, որովհետև բազմիցս կրկնել ենք, Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որը վատ վիճակի մեջ կդնի Ղարաբաղին»։

Սահակյանը «անիմաստ» որակեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր է՝ մաքսակետ տեղադրվի.- «Հայաստանյան քաղաքական դաշտում այնքան են այդ մասին խոսել, որ գնալով միտում եմ նկատում առանձին քաղաքական գործիչների կողմից՝ «երանի մաքսակետը դնեին, որպեսզի իշխանությունները խոցելի դառնային»։ Նորանկախ Հայաստանի ամբողջ քաղաքական գործընթացները կապված են ղարաբաղյան խնդրի լուծման հետ, այդ իսկ պատճառով որևէ քայլ չի կատարվի, որ վնաս լինի Ղարաբաղին։ Մաքսակետը բացառվում է»։

«Կիսելյովներ պատմության մեջ կարող են շատ ծնվել...»

Վերջին շրջանում խիստ արդիական դարձավ Հայաստանում հայոց լեզվի պաշտպանության հարցը, քանի որ պետական մի շարք հաստատություններ, խախտելով «Լեզվի մասին» օրենքը, ռուսաստանցի հյուրերի հետ հրապարակային միջոցառումները անցկացրեցին ռուսերեն՝ առանց հայերեն թարգմանության, ինչը հանրային լուրջ դժգոհության պատճառ դարձավ:

Այս ֆոնին հանրության ուշադրությունը գրավեց այն, որ հունիսի 12-ին՝ «Ռուսաստանի օրվա» առթիվ մեր երկրում Ռուսաստանի դեսպանատան կազմակերպած միջոցառմանը Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ հայերեն: Ազգային ժողովի նախագահը հայերեն է խոսել նաև իր մոսկովյան այցի ընթացքում՝ ռուսաստանցի պաշտոնյաների հետ շփվելով թարգմանչի օգնությամբ:

«Ես ոչ թե որոշեցի հայերեն խոսել, այլ ես այդպիսին եմ, միշտ էլ թարգմանչով եմ խոսել նաև Ազգային ժողովին։ Ինչ վերաբերում է ԱԺ-ի գրադարանային հավաքներին, դրանք ոչ պաշտոնական հավաքներ են։ Կարող ենք ասել՝ ինչու փողոցում հայը ռուսերեն խոսեց։ Համենայնդեպս, ես միշտ թարգմանիչ եմ ապահովել, որպեսզի նրանք, ովքեր պուշկինյան լեզուն չգիտեն, կարողանան իրենց մտքերը թարգմանչաբար արտահայտեն։ Իսկ ինչ վերաբերում է Կիսելյովին, վերջերս էլ թերթում կարդացի, որ Նժդեհի մասին էր խոսում, ես կարծում եմ՝ պիտի վերջնականապես հասկանալի դառնա ռուս իրականությանը, որ կիսելյովներ պատմության մեջ կարող են շատ ծնվել, անցնել, գնալ, բայց Նժդեհի նման գաղափարախոսները... նրանց պատմությունը շատ հաճախակի չի ստեղծում»,- ասաց Սահակյանը։

«Քանի որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ է սերտանում, միշտ էլ մեր ազգը կամ մեր քաղաքական էլիտան զգուշանում է, որ նորից միություն կլինի, նորից ռուսների տիրապետություն կլինի, որ մենք վասալային պետություն կդառնանք։ Ես այդ կարծիքին չեմ, մեր ինքնության հիմնական գրավականը մեր լեզուն է և մեր աղոթքը»,- հավելեց խորհրդարանի նախագահը։

Սահակյանը նաև հերքեց տեղեկությունն այն մասին, որ օրերս Մոսկվա կատարած իր այցելության ժամանակ Ռուսաստանի Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը խնդրել է իրեն Հայաստանի Ազգային ժողովում գործող Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG