Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ մի բողոք է ստացել, որով, որքան էլ տարօրինակ հնչի, քաղաքապետը պահանջում է բեկանել դատական բոլոր երեք ատյաններով, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանով անցած մի վճիռ:

Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է այդ բողոքը: Գործով ներգրավված փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ դատարանը չպետք է վարույթ ընդուներ քաղաքապետի բողոքը, քանի որ վճռաբեկ դատարանի որոշումն անբեկանելի է:

Ըստ փաստաբանի՝ դատարանն այդպիսով շրջանցել է օրենքը. - «Եվ էս պայմաններում վերաքննիչ դատարանի դատավորները իրավասու չէին իրենց կոլեգաների օրինական ուժ ստացած որոշումը բեկանել և հանգել հետևության, որ այս վեճը առնչվում է քաղաքապետի շահերին: Անգամ քրեական պատասխանատվություն ա նախատեսվում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները չկատարելու համար»:

4 տարի անց, երբ հանգուցյալի ժառանգները պետք է մուծեին վնասի փոխհատուցումը, վերջիններս նշել են, որ չեն ընդունում ժառանգությունն ու դատարան չեն ներկայացել: Հայցվոր Նազիկո Պալյանը դիմել է Քաղաքապետարան՝ գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, որպեսզի դատական պրոցեսը շարունակվի:

Դեռ նախկին ու ներկայիս քաղաքապետի օրոք, սակայն, ստացել են պատասխան, որ այդ վեճը չի վերաբերում քաղաքապետարանին: Հայցվոր կողմն ունի այդ պատասխանների գրավոր փաստերը: Վերջերս, սակայն, Տարոն Մարգարյանի անունով ստացված գրությունում ասված է եղել, որ այդ վեճն առնչվում է քաղաքապետի շահերին և, որ վերջինս տեղյակ չի եղել այդ դատական գործընթացից և փաստորեն, իր առանձին բողոքն է ներկայացրել դատարան:

Փաստաբանը եզրակացնում է, որ Հայաստանում դատարանի վճռի վրա կարող է ազդել ցանկացած ոք. - «4 տարի դատական համակարգում պայքարում ես, հասնում ես հաջողությունների, հետո վերջում ինչ-որ պետական պաշտոնյա, համարելով, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը կարա նաև իր համար կատարվի, դիմում ա դատարան ու իր հարազատի կամ իր աշխատակցի հարազատի օգտին ստանում է դատական ակտ: Սա, այսուհետ, մեր կարծիքով չպետք է շարունակվի», - ընդգծեց փաստաբանը:

Խնդրի վերաբերյալ քաղաքապետարանից ստացանք 5 էջից բաղկացած գրավոր բացատրություն, որում նշված է, որ վճիռը կայացվել է դատավարական մի շարք նորմերի խախտումներով, և որ գործն առնչվում է քաղաքապետի շահերին, ինչը թույլ է տալիս քաղաքապետի ստորագրությամբ սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոք ուղարկել:

Հատուկ ընդգծված է նաև, որ շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը: Հավանաբար սա է պատճառը, որ բողոքի փաստաթղթում դրված է հենց քաղաքապետի ստորագրությունը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե դատավճիռը օրինական ուժ է ստանում, այն բեկանել հնարավոր չէ: Սա ըստ իրավապաշտպանի՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում է:

«Գտնում եմ, որ այստեղ խախտում կա․ դատական ակտերի կայունության սկզբունքն է խախտվում, որովհետև նա կողմ չի հանդիսացել: Դա հնարք է, որ օգտագործում է գործադիր իշխանությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բեկանելու և իրենց համար անցանկալի հետևանքները վերացնելու համար: Էսպիսի գործեր բազմաթիվ են, նաև Եվրոպական դատարանում կան գործեր այս հիմքով: Դատական գործերը քողարկված վերաբացելու հնարք է սա», - նշեց Զեյնալյանը:

Փաստաբանի կարծիքը կիսում է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Իսկ ահա հայցվոր Նազիկո Պալյանը պատմում է, որ իր տան սյուները սասանող արդեն հանգուցյալ հարևանն իրեն հստակ ասել է, որ քաղաքապետարանում բարեկամներ ունի և որևէ խնդիր չի ունենալու:

«Երբ որ հարևանը քանդում էր իր տունը, ես մոտեցել եմ և շատ եմ խնդրել, որ տուր հնարավորություն ես միջնապատը դարձնեմ դրսի պատ, նոր դեմ չեմ՝ քանդի: Ասեց չէ, ես դնելու եմ թրաշեմ, որ ձեր տունը փլվի: Քաղաքապետարանի վարչության պետը իմ բարեկամն է, բացի դրանից՝ իմ փեսայիս եղբայրը մտնում է ավագանու կազմի մեջ, ես քաղաքապետարանում խնդիր չունեմ և կարող եմ անել ամեն ինչ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Պալյանը:

Հետևաբար, ըստ նրա՝ սա է պատճառը, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրենց ծանոթներին պաշտպանող գրությունը տրամադրել են քաղաքապետին, վերջինս էլ, գուցե տեղյակ չլինելով, թե ինչ փաստաթուղթ է, ստորագրել է այն:

«Ես գտնում եմ, որ տվյալ պարագայում, գռուբո գովորյա, պոդստավիլի: Մարդիկ, որոնք իրազեկված են եղել և ճիշտ չեն իրազեկել քաղաքապետին, ապա դա քաղաքապետի խնդիրն է»:

XS
SM
MD
LG