Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցությանն առնչվող հարցերը «լրիվ լուծելի խնդիրներ են»


Վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է, և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկոյա Սոչիից կվերադառնա Երևան:

Վարչապետի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է, և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկոյա Սոչիից կվերադառնա Երևան:

Աբրահամյանի լավատեսությունը, թե այդ հանդիպումից հետո պարզություն կմտնի Եվրասիական միությանն անդամակցության ժամկետներում, կարծես թե, չարդարացավ. երկու երկրների պաշտոնական աղբյուրներն առայժմ այդ մասին լռում են:

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյան - Դմիտրի Մեդվեդը այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրվում էր քննարկել ԵՏՄ-ի ինտեգրացիային Հայաստանի մասնակցության հարցը։ Նկատեք` խոսքն անդամակցության մասին չէ:

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանն «Ազատության» հետ զրույցում այդ ձևակերպումը պատահական չհամարեց. - «Հեռանկարները շատ մշուշոտ են, և չի կարելի բացառել, որ Հայաստանի դեպքում այդ ինտեգրացիոն գործընթացներում մասնակցությունը այլ կարգավիճակով կլինի, քան լիիրավ անդամության»:

«Հայաստանը ավարտել է Եվրասիական միության հետ բանակցությունների նախնական փուլը և պատրաստ է անդամակցել կառույցին», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետերի այսօրվա հանդիպումը պայմանավորելով հենց բանակցությունների ավարտով։

Հիշեցնեմ՝ ԵՄ-ն անդամ երկրների հետ բանակցություններն ընթանում էին շուրջ 900 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի շուրջ։ «Ամեն ինչ ավարտեցինք, և նախնական ձևաչափն արդեն ուղարկված է երեք երկրներին՝ Բելառուսին, Ղազախստանին և Ռուսաստանին, որոնք պետք է իրենց քննարկումը կատարեն, որից հետո արդեն առաջին ֆորմատով հանդիպումը վարչապետների մակարդակով կայանում է և որից հետո կկայանա նաև նախագահների ֆորմատով հանդիպումը: Ամառվա ընթացքում կլինի նախագահների հանդիպումը», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով` Հայաստանին Մաքսային միություն հրավիրելը պահի թելադրանք էր, Ռուսաստանի համար ավելի կարևոր է Ադրբեջանը. - «Բնականաբար, բավականին խոստումներ էին եղել այդ ընթացքում` սկսած նրանից, որ կարող էր հիմնադիր անդամ դառնալ, որ պետք է արագացված տեմպերով այդ ամեն ինչը իրականացվեր: Բայց, ինչպես և ենթադրվում էր, դրանք խոստումներ էին, որոնք պետք է չիրականանային: Խնդիրը եվրոպական ուղղությունը կանխելն էր»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ` Ղարաբաղի հարցով պայմանավորված, որևէ դաշինքի անդամակցությունը մեր շահերից չի բխում` լինի դա եվրոպական, թե ռուսական. - «Մեզ համար հասկանալի է ոչ այնքան բանակցության թեման, ինչքան բանակցության գինը: Այսինքն` այդ գինը առնչվում է մեզ հետ, մեր ազգային անվտանգության հետ:

Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, համոզված ասաց. - «Եթե հանկարծ որևէ ձևով սա կարող է վտանգել Ղարաբաղի անվտանգությունը, մենք որևէ քայլի ընդառաջ չենք գնա: Այսինքն մենք բազմիցս նշել ենք, որ մենք նույն տնտեսական գոտում ենք գտնվում Ղարաբաղի հետ և այդ շարունակությունը պիտի լինի: Այնպես, ինչպես եղել է մինչև այժմ: Մեր պատասխանը միանշանակ է, որ մենք չենք ընդունում այլ պայմաններ»:

«Ժառանգության» ներկայացուցիչը այնուհանդերձ կարծում է, որ ցանկության դեպքում անգամ Հայաստանը չի կարող հրաժարվել բանակցություններից. - «Ստեղծվել է մի իրավիճակ, որ հիմնականում մենք չենք որոշում»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե նախագահից, վարչապետից բացի, մեր երկրում որևէ մեկը չի կարող ասել, թե բանակցություններն ինչի շուրջ են ընթանում. - «Կան լրջագույն խնդիրներ, կամ դրանք ի սկզբանե եղել են և այս պահին արդեն չի հաջողվում դրանք հաղթահարել, կամ խաղի կեսից ինչ-որ խաղի կանոն է փոխվել: Այսինքն` ակնհայտ է, որ ինչ-որ լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, որի մասին որևէ մեկը չգիտի: Հույս եմ հայտնում, որ Հայաստանի Հանրապետության իշխանություն չեն ստորագրի որևէ ալյանսի միանալու [փաստաթուղթ]` տնտեսական կամ այլ, որտեղ կոտնահարվի Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի շահը»:

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ` Եվրասիական միության անդամակցելու բանակցություններում Հայաստանը պետք է լիներ ու հիմա էլ լինի հաստատակամ. - «Ես օրերս եմ վերադարձել Ստրասբուրգից: Եվրոպացի մեր գործընկերները հարցնում էին` ի վերջո ի՞նչ է կատարվում ձեր երկրում, ինչո՞ւ է Ղազախստանի արտաքին գործերի նախարարը իրեն վերապահում Հայաստանի Հանրապետության խոսնակի դերը և հայտարարություններ անում: Մենք չհայտնվենք բավականին ոչ շահեկան վիճակում»:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց, թե ԵՏՄ-ին անդամակցության ճանապարհին առաջացած խնդիրները լուծելի են` այդուհանդերձ, իրեն ապահովագրելով, ձեռնպահ մնաց նշել անդամակցության ժամկետներ. - «Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, մեր դիրքորոշումը հստակ է, և մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը և պետք է պաշտպանենք մեր դիրքորոշումը»:

XS
SM
MD
LG