Մատչելիության հղումներ

Շանթի գործ․ ոստիկանը տուժող է ճանաչվել արցունքի պատճառով


Շանթ Հարությունյանի և մյուս 13 քաղաքացիների գործով այսօրվա դատական նիստին ներկայացավ 16 տուժողներից մեկը:

Նոյեմբերի 5-ին որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Լիպարիտ Պետրոսյանն այսօր հարց ուղղեց տուժող ճանաչված ոստիկանին:

Լիպարիտ Պետրոսյանը պարեկապահակային ծառայության հրամանատարի տեղակալ Անդրանիկ Առաքելյանին հարցրեց՝ տուժողն ինչի՞ց է տուժող ճանաչվել: Նախաքննական մարմնի որոշմամբ տուժող ճանաչված ոստիկանը պատասխանեց, թե ընդամենը աչքերն են մրմռացել, երբ պայթուցիկներ են պայթել:

«Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել», - ասաց ոստիկանը:

Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանը տուժողին հարցրեց, թե արդյոք նա բժշկի գնացել է նոյեմբերի 5-ից հետո և ստուգել է արդյոք՝ աչքերը վնասվել են, թե՝ ոչ: Ոստիկան տուժողը պատասխանեց՝ ոչ:

Տիգրան Պետրոսյանը զարմանքով հարցրեց, թե այդ դեպքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, ոստիկանին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողներին ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ոստիկանն իսկապես տուժել է:

«Ինչո՞վ կարող եք ապացուցել Ձեր աչքերի վնասվածքը: Դա բավակա՞ն է, որ Ձեզ տան տուժողի կարգավիճակ», - հարցրեց Տիգրան Պետրոսյանը:

Ոստիկանից պատասխան չստանալով՝ ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացին փորձեց ի վերջո հասկանալ՝ ոստիկանի աչքերի արցունքը ի՞նչ կապ կարող է ունենալ մեղադրանքի հետ. - «Դուք կարծում եք, որ Ձեզ իրական տուժող համարելը ճի՞շտ է, քանի որ Ձեր աչքերը արցունքոտվել են»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարցին պետք է պատասխանի նախաքննական մարմինը, ոչ թե հիմա դատարանում ցուցմունք տալու և իր տուժող լինելը հիմնավորելու փաստի առջև կանգնած ոստիկանը: Դատավորն ասաց՝ դատարանը պետք է իրավական գնահատական տա՝ այս ոստիկանը, որի աչքերն արցունքոտվել են, տուժո՞ղ է, թե՞ տուժող չէ:

Խուլիգանության մեջ մեղադրվող Միսաք Առաքելյանը նախ տուժող ոստիկանից ճշտեց՝ նա տեսողության խնդիր ունի, թե չէ:

«Կադրերի մեջ երևում է Անուշավան Գրիգորյանը, մի քանի հոգի ևս... գմփուցիկը խփում են, իրանք միջով անցնում են ու ինչ-որ գործողություններ ա նորից շարունակվում: Որևէ մեկը էդ տղաներից կանգնե՞լ է արցունք սրբի կամ արցունք գա: Այսինքն մրմռալուց մենակ Ձե՞ր աչքերն է մրմռացել, ո՞չ մնացածինը», - ասաց Առաքելյանը:

Ոստիկանը, սակայն, հարցին պատասխանեց՝ օգտագործելով «չեմ նկատել», «չեմ տեսել» ձևակերպումները։

Տուժող ոստիկանն ասաց, որ մինչ քաշքշուկը չի եղել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Հայկ Հարությունյանը հիշեցրեց, որ իրականում ցուցմունք տվող տուժող ոստիկանը եղել է Ազատության հրապարակում, իրենք էլ զրուցել են: Տուժողը նախ ասաց, թե չի հիշում, հետո փոխեց պատասխանը՝ հայտարարելով. - «Հնարավոր է, հարգելիս»:

Շանթ Հարությունյանը մի քանի անգամ նույն հարցը տվեց, փորձելով պարզել՝ կոնկրետ տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը ի՞նչ մասնակցություն է ունեցել, ըստ նրա, «սադրանքի օպերացիային»։

«Ընդեղ ասվել ա, որ եթե մենք անցումով գնանք, երկար գնանք, պրովակացիա ա լինելու, և մենք իրավունք ունենք էդ հոծ գիծը կտրենք անցնենք, որպեսզի արագ անցնենք մայթը: Հիմա Դուք տեղյա՞կ եք եղել, որ մենք ընդեղ չենք ուզեցել անցումով անցնենք՝ խուսափելով պրովակացիայից, դրա համար եք եկել հենց մեզ խոչընդոտել եք, որ մենք կա՞րգ ենք խախտում», - հարցրեց Հարությունյանը։

Ոստիկանը խոստովանեց, որ մինչև քաշքշուկը ինքն ու իր գործընկերները բարձրախոսով զգուշացում չեն հայտարարել Շանթի և ընկերների գործողությունների անօրինականության մասին:

Ոստիկանն, ի դեպ, պատասխանելով ամբաստանյալների հարցերին նաև ասաց, որ եղել են մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով քաշքշել են իրար: Թե ինչո՞ւ այդ դեպքում համազգեստավորները չեն միջամտել, այդ մասին ոչինչ չասաց տուժող ոստիկանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին։

XS
SM
MD
LG