Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտոնական Երևանը «այլևս չի վստահում Ռուսաստանի խոստումներին»


Հայ-ռուսական հարաբերությունները հասել են փոխադարձ անվստահության գագաթնակետին, և այդ մասին են վկայում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ սպառազինության վաճառքը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգումը ու այդ ֆոնին Կրեմլի քայլերի առնչությամբ Սերժ Սարգսյանի աննախադեպ, հրապարակային դժգոհությունը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով արգենտինական Clarin թերթի հետ զրույցում նախագահ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությանը:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է. - «Այս մեկ տարվա ընթացքում և հատկապես վերջին շրջանում հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի ուղղակի սրացումները և նաև դրանց դրսևորման ձևերը՝ հատկապես դիվերսիաների հաճախականացման, քաղաքացիական բնակչության ռմբակոծման տեսքով, արդեն իսկ ցույց է տալիս, որ բիզնես նպատակներով Ռուսաստանի վաճառած զենքը Ադրբեջանին այլևս կրակում է Հայաստանի վրա»։

«Եվ եթե նախկինում Հայաստանի նախագահը, պաշտպանության նախարարը հայտարարում էին, թե հավատում են Ռուսաստանին, և Ռուսաստանը պահպանում է ուժերի հավասարակշռությունը Ադրբեջանի հետ, ապա այժմ դիրքորոշում է փոխվել»,- շարունակեց Սաֆարյանը.- «Այո, Երևանը այլևս չի վստահում Ռուսաստանի խոստումներին և չի կրկնում այն հավաստիացումները, որոնք մեկ տարի առաջ տրվում էին, թե իրականացվող գործարքները բիզնես գործարքներ են, և որ Ռուսաստանը ինքը թույլ չի տա դրանք օգտագործել Հայաստանի դեմ, ինչպես նաև Ռուսաստանը վերահսկում է սահմանի վրա հավասարակշռությունը։ Սա պաշտպանության նախարարի մեկ տարի առաջվա հայտարարությունն էր»։

«Իրականում, Հայաստանի նախագահն իր մտահոգությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի, այլև՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռուսական այդ սպառազինության կիրառման կապակցությամբ»,- «Ազատությանը» փոխանցեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Սակայն էլ ավելի կարևոր է այն, որ նախագահ Սարգսյանը, հավանաբար, ուշացել է՝ հայերի համբերության սահմանները գնահատելու հարցում և հասկանալու, որ Ռուսաստանը անընդունելի վարքագիծ է դրևսորում իր դաշնակցի հետ հարաբերություններում: Եվ այս համատեքստում պետք է դիտարկել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խափանումը և ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը: Կարծում եմ, եթե Հայաստանի իշխանությունները ի վերջո գիտակցում են, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները դարձել են անընդունելի ասիմետրիկ, Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ այն թերագնահատում է Հայաստանի արժեքը»,- ամփոփեց Կիրակոսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG