Մատչելիության հղումներ

Քարվաճառում շարունակվում են անհետացած պատանու որոնումները


Քարվաճառի Նոր Էրքեջի և հարակից գյուղերի բնակիչները շարունակում են 17-ամյա Սմբատ Ցականյանի որոնողական աշխատանքները, ով արդեն մեկ շաբաթ է անհետ կորել է:

Ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց Նոր Էրքեջի գյուղապետ Արա Հովհաննիսյանը, Սմբատը անհետացել է ոչ թե գյուղից, այլ ընտանիքի հետ սարում գտնվելու ժամանակ: Գյուղապետի փոխանցմամբ՝ Ցականյանները անասնապահությամբ են զբաղվում, և տարվա մեծ մասը այնտեղ գտնվող տան են անցկացնում:

Գյուղապետը հայտնեց, որ այժմ փնտրում են Սմբատին․ - «Մենակ մեր գյուղացիները չէ, բոլորը, կողքի գյուղի ժողովուրդն էլ հավաքված, ամենքը ինչ- որ գործ են ուզում անեն: Չեմ կարող ասել՝ առևանգել են, թե չէ, անորոշ վիճակ է»:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում առայժմ զերծ են մնում ասել, թե արդյոք 17-ամյա պատանու անհետացումը կապված է Քարվաճառ մուտք գործած ադրբեջանցի դիվերսանտների հետ, և թե հնարավոր է արդյոք, որ Սմբատին գերեվարած լինեն:

Ամեն դեպքում, պատանու հայրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդել է, որ որդուն տարել են ադրբեջանցի դիվերսանտները: Նա պատմել է, որ հուլիսի 4-ի երեկոյան Սմբատին թողել են տանը: Առավոտյան եկել են, տեսել՝ Սմբատը չկա:

«Հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն է: Մտել են մեր տուն, բան-ման է պակասում, ուտելիք են տարել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են տարել որդուս: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի , կգան՝ կտանեն», - ասել է Մեխակ Ցականյանը:

Ադրբեջանական կողմը հերքում է Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ կատարելու մասին ղարաբաղյան կողմի պնդումները:

Շահբազ Ջալալօղլու Գուլիև, լուսանկարը՝ ԼՂ ՊՆ կայքի

Շահբազ Ջալալօղլու Գուլիև, լուսանկարը՝ ԼՂ ՊՆ կայքի

Ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը երեկ երեկոյան հրապարակեց ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտի՝ 46-ամյա Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը, տեղեկացնելով, որ նա գրանցված է Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում:

Ղարաբաղյան կողմը իբրև ապացույց հրապարակել է նաև ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներից առգրաված զինամթերքի լուսանկարները, որտեղ պատկերված են խլացուցիչով «Կալաշնիկով» ավտոմատ, խլացուցիչով ատրճանակ, ավտոմատի տասնյակ փափուշտներ, նռնակներ, դանակ և Ադրբեջանի դրոշը:

Ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զենք-զինամթերքը, լուսանկարը՝ ԼՂ ՊՆ կայքի

Ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զենք-զինամթերքը, լուսանկարը՝ ԼՂ ՊՆ կայքի

Ի պատասխան հրապարակված լուսանկարների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձերբակալված Շահբազ Գուլիևը Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում։

XS
SM
MD
LG