Մատչելիության հղումներ

logo-print

Սոչիում այսօր հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները


Ռուսաստան - Օլիմպիական ավանը Սոչիում

Ռուսաստան - Օլիմպիական ավանը Սոչիում

Աբրահամյանը և Մեդվեդևը քննարկելու են նաև Եվրասիականին Հայաստանի անդամակցության հարցը:

Հայաստանի կառավարական պատվիրակությունը երեկ երեկոյան մեկնել է Սոչի, որտեղ այսօր նախատեսված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, հաղորդակցության, հումանիտար և մշակութային հարցեր, ասված է Ռուսաստանի վարչապետի պաշտոնական կայքէջում:

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, նախատեսված է, որ վարչապետները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Այցի հիմնական ինտրիգն է՝ արդյոք կկարողանա՞ Աբրահամյանը Մեդվեդևի հետ հանդիպումից հետ պատասխանել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ հարցերին:

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հովիկ Աբրահամյանը ասել էր, որ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո կկարողանա ասել, թե ինչու է ձգձգվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, և որ Հայաստանը ճանապարհային քարտեզով նախատեսված իր բոլոր պարտավորությունները արդեն կատարել է:

Փորձագետները, սակայն, կարծում են, որ Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում են Եվրասիական միության անդամ երեք պետություններից երկուսը՝ Բելառուսն ու Ղազախստանը, և երբ կանդամակցի Հայաստանը այս միությանը՝ թերևս մեծամասամբ կախված կլինի նրանից, թե երբ Մոսկվան կկարողանա համոզել Աստանային և Մինսկին:

Բացի ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցություններից, Հայաստանի վարչապետը այսօր կայցելի նաև Սոչիի օլիմպիական ավան:

XS
SM
MD
LG