Մատչելիության հղումներ

logo-print

Հարկային արտոնություն է ստանում Սամվել Ալեքսանյանի հետ «կապ ունեցող» ընկերությունը


ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Ա և Գ» ընկերությունը առնչվում է Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ա և Գ» ընկերությունը նախատեսում է Երևանում տեղադրել սպիրտի արտադրության նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներ, որոնց միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 20.1 մլրդ դրամի արտադրանք, որի շուրջ 25 տոկոսը կարտահանվի Ռուսաստան, Իրաք և Վրաստան:

Նշենք, որ Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Ա և Գ» ընկերությունը գրանցված է նույն հասցեում, որտեղ գրանցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ՝ «ԱլեքսԳրիգ» ընկերությունը։

Հիշեցնենք, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2009-2010 թվականներին անբարեխիղճ մրցակցության համար տուգանել էր «ԱլեքսԳրիգ»-ին։ Հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը մանրամասնեց, որ «ԱլեքսԳրիգ» ընկերությունը շուկա էր հանել այլ ընկերությունների պատկանող 10 ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման օղի, ինչի համար տուգանվել էր 5 միլիոն դրամով։

«Ընկերությունը բողոքարկել է հանձնաժողովի բոլոր տասը որոշումները վարչական դատարանում, և բոլոր երեք ատյաններով դատարանը կայացրել է որոշումներ հօգուտ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի: Դրա արդյունքում ընկերությունը մուծել է նշանակված տուգանքը», - փոխանցեց Կարապետյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ա և Գ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելը ցինիզմ է որակում. - «Հարկային արտոնություններ է ստանում Հայաստանի ամենախոշոր գործարարը, իսկ ավելի հայերեն ասած` օլիգարխը: Ու պետք չէ կասկածել, որ «Ա և Գ» ընկերությունը կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ. դա ապացուցվում է բազմաթիվ փաստերով»:

Հայկ Գևորգյանի գնահատմամբ, հարկային պարտավորությունները հետաձգելը աբսուրդ որոշում է. - «Նշեմ, որ այս նույն հարկային արտոնություններից արդեն օգտվել են Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող UCom ընկերությունը, հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող «Աղթամար» հյուրանոցային համալիրը, Սերժ Սարգսյանի եղբոր որդուն պատկանող «Հանա տրանս» ընկերությունը, Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» սպիտային խմիչքների գործարանը, երբ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայի մեջ էր։ Մի խոսքով` այլ կերպ, քան ցինիզմ սա գնահատել, կարծում եմ, չի կարելի»:

Նա համոզված է, որ հարկային պարտավորությունները հետաձգելու որոշումներով կառավարությունը նպաստում է խոշոր բիզնեսի զարգացմանը՝ ի հաշիվ փոքր ու միջինի։

XS
SM
MD
LG