Մատչելիության հղումներ

Գառնիում հանրային լսումները լարված մթնոլորտում անցան


Գառնեցիները թերահավատ են, որ Ազատ և Գեղարդ գետերից վերցվող ջուրը Արտաշատի գյուղերն է ուղղվելու, ոչ թե վարչապետի ձկնաբուծարանները:

Այսօր վաղ առավոտից Գառնիի բնակիչները հավաքվել էին գյուղի մշակույթի պալատում՝ դիմավորելու «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչներին, ովքեր տեղացիներին պետք է ներկայացնեին Ազատ և Գեղարդ գետերի միացման հատվածում դեպի Արտաշատի գյուղերից մեկը ջրատար խողովակի կառուցման ծրագիրը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը գյուղացիներին փորձում էր բացատրել, որ իրենց նպատակը ոռոգման ջուրը բոլորին հասանելի դարձնելն է: Երբ Ղազարյանն ասաց, թե դա պետական ծրագիր է ու պետք է կատարվի, գյուղացիներն ընդհատեցին նրա խոսքն ու նեղսրտեցին՝ էլ ինչո՞ւ են այս «հանրային լսումներ» ասվածն այսօր անում, երբ առանց այդ էլ ամեն ինչ արդեն հստակ որոշված է:

«Կոմպլեքս միջոցառումներ է, որը Կառավարությունը սկսել է և անելու է», - ասաց Ղազարյանը: Քննարկմանը ներկա գյուղացիներից մեկը տեղից բացականչեց. - «Դու որ որոշել ես, էլ ինչի՞ ես եկել ստեղ»:

Գյուղում անհանգստացած են, ասում են, որ այդ ծրագրի արդյունքում ազատ գետի մի մեծ հատված ցամաքելու է: Գյուղում աշխատատեղ չկա, գոյատևում են միայն գյուղատնտեսության ու հողագործության շնորհիվ: Հիմա էլ վտանգված է գյուղի ոռոգման ջրի միակ աղբյուրը:

Գյուղացիներն արդեն մի քանի անգամ խոչընդոտել են այդ երկու գետերի միացման հատվածում չափումներ անող մասնագետների աշխատանքները: Նրանք այսօրվա հանրային լսումներն անիմաստ են համարում՝ պնդելով, որ թեման շուրջ մեկ տարի շրջանառության մեջ է, գրեթե ամեն ինչ արված է, և այսօրվա հանդիպումը արհեստական է:

Գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասում է, որ այս մեկ տարվա ընթացքում որևէ փաստաթուղթ իրեն չեն ներկայացրել. - «Գյուղապետարան ոչ ոք չի մոտեցել: Գծագրերը ես տեսել եմ երեք օր առաջ: Առաջին քայլը սա պետք է լիներ՝ հանդիպում ժողովրդի հետ, գյուղապետարան, նոր նախագծումը սկսեին»:

Գյուղացիները կասկածներ ունեն, որ ջուրը տարվում է ոչ թե Արտաշատի Քաղցրաշեն համայնքի գյուղացիների ոռոգման կարիքների համար, այլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ նրա հարազատների սեփական բիզնեսը «ծաղկեցնելու» նպատակով:

«Մեր գետից եթե մի հոգու բռնում են՝ մի հատ կարմրախայտ ա բռնել, կարող է տանեն դատեն, իսկ ինքը տանում ա ընդեղ, որ իշխան բազմացնի, բիզնես անի: Վարչապետը, էլ ո՞վ», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց գառնեցի Գրիգոր Գրիգորյանը:

Գյուղացիները մեկ մարդու պես ոտքի ելած տապալեցին այսօրվա «հանրային լսումները» ու հայտարարեցին, որ կյանքի գնով են պահպանելու գետն ու թույլ չեն տալու որևէ մեկը մոտենա համայնքի սեփականությունը հանդիսացող ջրին:

«Հաջորդ անգամ ավելի կոպիտ ընդունելության կարժանանան, եթե փորձեն նորից գալ», - ասաց գյուղացիներից մեկը՝ պնդելով, որ ողջ գյուղը թույլ չի տալու, որպեսզի իրենց դաշտերը չորանան ու արտերը ցամաքեն:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենն ասաց, որ իրենք լսեցին գյուղացիների խնդիրներն ու կփորձեն այդ երկու գետերի միացման կետից ջուրը հարևան գյուղ այնպես տեղափոխել, որ մեկ գյուղացու անգամ վնաս չպատճառեն:

«Մենք էսօր եկել ենք ժողովրդի կարծիքը լսենք, և եթե էդ կարծիքը հնարավոր է լուծում տալ, լուծում կտանք, եթե չէ` ուրեմն ուրիշ ճանապարհ կընտրենք: Եթե մենք չկարողանանք բնապահպանական հոսքերը ապահովենք, որպեսզի ձորին վնաս չտանք, ուրեմն էդ օբյեկտը չի կառուցվի», - ասաց Ադիբեկ Ղազարյանը:

Նրա խոսքը, սակայն, հավատ չէր ներշնչում գյուղացիներին: Նրանք հորդորեցին պաշտոնյաներին այս խնդրով այլևս գյուղ չգալ՝ խոստանալով հաջորդ անգամ փակել գյուղի ճանապարհը․ - «Էսքան ժամանակ դուք տեսե՞լ եք, որ մեր պետությունը մի հատ ծրագիր անի, ժողովրդին օգուտ լինի, չկա էտենց բան»:

XS
SM
MD
LG