Մատչելիության հղումներ

Կառավարությունը երկու ամիս է «չի կարողանում գտնել» «Նաիրիտ»-ի սեփականատիրոջը


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց աշխատավարձերը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով առավոտյան բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ:

Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց առաջարկեց կառավարության այսօրվա նիստից հետո 20 հոգանոց խմբով հանդիպել իր հետ։

Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ վարչապետը խոստացել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ, բացի այդ, գործարանի աշխատողներին հավաստիացրել են, որ կառավարությունը փորձելու է գտնել ու պատժել մեղավորներին, որոնք «Նաիրիտ»-ը հասցրել են այսօրվա վիճակին։

«Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ի՞նչ են արել, ո՞նց են տարել, ո՞նց են բերել: Հիմա երկու ամիս է չենք կարողանում գտնենք ով է սեփականատերը», - ասաց վարչապետը:

Նա գործարանի աշխատակիցներին բացատրում էր, որ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են պետք․ - «Ես մինչև վերջ հետամուտ եմ լինելու, որ բոլորը պատասխան տան, ովքեր մեղավոր են: 10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք ով է»:

Նաիրիտցիների հետ հանդիպմանը էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի ուսումնասիրվեն գործարանի հետ կապված բոլոր խնդիրները։

«Վերջնական ուսումնասիրությունների և պարզաբանումների համար [պետք է] մոտավորապես մեկուկես, երկու ամիս, այսինքն՝ մինչև օգոստոսի վերջ, մինչև սեպտեմբերի 15-ը», - հայտարարեց Զախարյանը:

Հովիկ Աբրահամյանի հետ 20 հոգանոց խմբով հանդիպելուց հետո, «Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանը հայտարարեց, որ վարչապետը խոստացել է օգոստոսի վերջին կրկին հանդիպել գործարանի աշխատակիցներին։

«Մինչև օգոստոսի վերջը կառավարությանը մենք չենք անհանգստացնում», - ասաց գործարանի արհմիության ղեկավարը:

Հրաչյա Թադևոսյանը կարծում է, որ «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար մեղավորներից մեկը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ «Նաիրիտ»-ի հարցով ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Ազատության» հարցին Հայաստանի վարչապետը արձագանքեց, որ ուսումնասիրությունների արդյունքները իրենք դեռ չեն ստացել: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից էլ տեղեկացանք, որ «Ռոսնեֆտն» իր ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանի իշխանություններին կտրամադրի օգոստոսի վերջին։

Նաիրիտցիները վերջին անգամ աշխատավարձ են ստացել հունիսի սկզբին՝ դա եղել է 2013 թվականի հունվար ամսվանը։ Աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 13 միլիոն դոլար։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG