Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Ցավալի է, որ Ռուսաստանը զենքեր է մատակարարում Ադրբեջանին»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպումը Մոնտեվիդեոյում, 9-ը հուլիսի, 2014թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպումը Մոնտեվիդեոյում, 9-ը հուլիսի, 2014թ․

Միաժամանակ, Բուենոս Այրեսում տված հարցազրույցում նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համար դժվարին իրավիճակում Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ շարունակվում է, Ուրուգվայ պետական այցը արդեն մոտենում է ավարտին:

Մինչ Ուրուգվայ ժամանելը Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե ցավալի իրադարձություն է այն փաստը, որ Ռուսաստանը զենքեր է մատակարարում, վաճառում Ադրբեջանին:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», - ասել է Հայաստանի նախագահը:

Թերևս առաջին անգամ է նախագահ Սարգսյանը խոսում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին:

Հարցազրույցում նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համար դժվարին իրավիճակում Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Նախագահը նաև չի բացառել ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը, սակայն վստահություն է հայտնել, որ Հայաստանը բավարար չափով ուժ և կարողություն ունի՝ պաշտպանելու իր սահմանը:

«Ադրբեջանը իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, ինչը սակայն հաղթանակ չի երաշխավորում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ռուսական դաշինքին անդամակցելը արդյոք բարդացրե՞լ է Եվրոպայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները, այս հարցին Սերժ Սարգսյանը արձագանքել է , որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը եվրոպացիներին դուր չի գալիս, սակայն ինքը վստահ է, որ նրանք ըմբռնումով են մոտենում, թե ինչու է Երևանը դիմել այդ քայլին:

Խոսելով հայ - թուրքական հարաբերություններից՝ Հայաստանի նախագահն ասել է , որ ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր գալու են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ «Հնարավոր է, որ երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի», - շեշտել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ուրուգվայում հանդիպումներին, բանակցություններին՝ դրանք շատ հաջող են անցել:

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան՝ շատ պարզ, համեստ քաղաքական գործիչ, ով Հայաստանում է ապրել խորհրդային ժամանակաշրջանում, ընդունեց Սերժ Սարգսյանին ջերմությամբ և անկեղծությամբ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ինչպես ասացին՝ «ամեն ինչ առջևում է»:

Ըստ երևույթին, այսօրվանից հայաստանցիները Ուրուգվայ մեկնելիս վիզայի կարիք չպետք է ունենան, և ուրուգվայցիներն էլ Հայաստան կարող են ազատորեն մտնել:

Սերժ Սարգսյանը Մոնտեվիդեոյում այցելելու է նաև Հայ Առաքելական եկեղեցի, ապա հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նախատեսված է, որ կպատասխանի համայնքի ղեկավարների հարցումներին:

Ուրուգվայի հայկական համայնքում կա դժգոհություն, քանի որ համայնքը չի կիսում Հայաստանի նախագահի կարծիքը հայ - թուրքական արձանագրությունների հարցում:

Այդ հանդիպումներից հետո այսօր Սերժ Սարգսյանը մեկնելու է Չիլի․ դա կլինի Հայաստանի նախագահի առաջին այցելությունը այդ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG