Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը Հայաստանին չի տեղեկացնում, թե ինչ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին


Պաշտոնական Երևանը խոստովանում է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի տեղեկացնում Հայաստանին, թե ինչ սպառազինություն է վաճառում մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:

Այս կարելի է ասել բացահայտումն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արեց Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

«Դա չի մտնում մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրանք երկկողմ հարթությունում իրականացվող գործառույթներ են… Նույն կերպ վարվում է Հայաստանը», - ասաց Մկրտչյանը:

«Ազատության» հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը զենք մատակարարել Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող երկրին և չտեղեկացնել Ռուսաստանին, դիվանագետն արձագանքեց. - «Դուք տեսական խնդիրների մեջ եք մտնում, որոնք գործնականում կիրառելի չեն: Իրավիճակները տարբեր են, պետք է ավելի ռեալիստ մոտենալ այդ խնդիրներին, ով ում ինչ պարագաներում պետք է տեղեկացնի կամ չտեղեկացնի»:

Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանին մեծածավալ սպառազինություն մատակարարող առաջին երեք երկրներն են՝ Ռուսաստանը, Իսրայելը և Ուկրաինան:

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն, 2007-2013թթ. ընթացքում, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ և հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ:

Ըստ ամենայնի, այս վիճակագրությունից դուրս է 2013-ին հայտարարված ռուս-ադրբեջանական 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածությունը, որովհետև Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 23-ին հայտարարել է, թե Մոսկվան ավարտել է դեռ 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Т-90С տանկերի մատակարարումը, իսկ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշված է, որ 2011-2013թթ․ ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել է ընդամենը 10 միավոր տանկ:

Ի դեպ, Բիրյուլինը նաև հայտարարել էր, թե Ռուսաստանը մտադիր է ևս հարյուր միավոր Т-90С տանկ մատակարարել Ադրբեջանին:

Ուշագրավ է, որ այդ ռեգիստրի փոխանցմամբ՝ 2007-2012թթ․ ընթացքում Ռուսաստանից Հայաստան որևէ ծանր սպառազինություն չի մատակարարվել, և միայն 2013-ին մեր երկիրը ստացել է 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ և 50 միավոր հրթիռների արձակման համալիր:

Սամվել Մկրտչյանի փոխանցմամբ, շարունակելով սպառազինվել նման ծավալներով՝ Ադրբեջանը խախտում է 1990թ․ կնքված «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը»:

Հատկանշական է, որ 2007-ին Ռուսաստանը դուրս եկավ այդ պայմանագրից:

«Զգալի թվաքանակներով խախտում է առնվազն երեք կատեգորիաների` մարտական տանկերի, զրահամեքենաների, հեռահար հրանոթների գծով: Այդ մասին Հայաստանը պարբերաբար ահազանգում է նաև պայմանագրի իրականացման խնդիրներով զբաղվող հատուկ կառույցներում, որը տեղակայված է Վիեննայում, ԵԱՀԿ շրջանակներում»:

Մկրտչյանից հետարքրքվեցինք՝ Ադրբեջանին նման մեծածավալ մատակարարումներով արդյո՞ք Ռուսաստանը չի նպաստում, որ պայմանագիրը խախտվի:

«Դժվար է այդպիսի միանշանակ պնդում անել: Բայց իրողությունն այն է, որ պայմանագիրը, որը կնքվել է և սկսվել է իրականացված 90-ականների սկզբներին, հետո, կախված անվտանգության միջավայրի բազմաթիվ փոփոխություններից, բավականին հնացել է... Գործում է, բայց այլևս չի արտացոլում այդ անվտանգության ռեալ գոյություն ունեցող իրավիճակը»:

Հարցին, թե ռուսական կողմի հետ բանակցություններում հայկական կողմը բարցրացնո՞ւմ է հարցը, թե նման մատակարարումներով խախտվում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագիրը, Սամվել Մկրտչյանն արձագանքեց. - «Չեմ կարծում, թե կարիքը կա բարձրացնելու այդ խնդիրը: Մանավանդ, որ արդեն նշեցի, որ Ռուսաստանը այլևս իրեն պարտավոր չի համարում պայմանագրի սահմանափակումներով առաջնորդվել: Որովհետև այդ երկիրը իր որոշումն է կայացրել և 2007 թվականից սառեցրել է իր անդամակցությունը պայմանագրին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG