Մատչելիության հղումներ

Նավասարդյան. «Վրաստանի համար Հայաստանի հետ առևտրում հատուկ պայմաններ չեն առաջարկվի»


Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով՝ եթե նույնիսկ Ռուսաստանը պատրաստ լինի, Բելառուսն ու Ղազախստանը չեն համաձայնի:

Հայաստանի՝ Եվրասիական միության անդամ դառնալուց հետո վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Ազատության» հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, նշելով, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանում վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են բարձրանալ։ Նա նաև ասել է, որ առ այսօր Թբիլիսիի համար պարզ չէ, թե վրացական ապրանքների մասով ի՞նչ պահանջ կդնի Եվրասիական միությունը Հայաստանի առջև։ Փորձագետների կարծիքով էլ՝ դա կարող է հանգեցնել վրացական կողմի պատասխան քայլին, և հայկական ապրանքների համար Վրաստանում կսահմանվեն բարձր մաքսատուրքեր:

«Ինչքան էլ Հայաստանը Վրաստանի բարեկամն է, այդուամենայնիվ, Վրաստանը Մաքսային այդ համակարգի մաս չէ, և ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է Վրաստանի համար մասնավորապես Հայաստանի հետ առևտրում հատուկ պայմաններ առաջարկվեն, և ինչո՞ւ պետք է առաջարկվեն։ Ինչո՞ւ, ասենք, պետք է Ռուսաստանը, որ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Վրաստանի հետ, դրան համաձայնի։ Ինչո՞ւ պետք է դրան համաձայնեն Բելառուսն ու Ղազախստանը։ Բելառուսն էլ կասի՝ ես էլ Լեհաստան ունեմ հարևան, Ղազախստանն էլ կասի՝ ես էլ Չինաստան ունեմ, որը մեր կարևորագույն առևտրային գործընկերն է», - ասաց Բորիս Նավասարդյանը՝ շարունակելով․ - «Այսինքն, էդ հարցերի լուծումը ես ուղղակի չեմ պատկերացնում, և, ասենք, եթե ավելի լայն լուծում փորձեն տալ Հայաստանի կողմից բանակցողները՝ բացառություններ խնդրելով որոշակի ապրանքատեսակների համար, այն, ինչի համար ասում էին՝ 1.5 հազար ապրանքատեսակների էդ ցանկից 900-ը հանվի, բնականաբար, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը դրան չեն համաձայնի, նույնիսկ եթե Ռուսաստանը պատրաստ լինի»։

Հաշվի առնելով, որ ամեն ինչ կամաց-կամաց մտնում է ստույգ բանակցությունների, ստույգ մեխանիզմների դաշտ, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի, Հայաստանի դիվանագիտության, Հայաստանի իշխանությունների նպատակը պիտի լինի՝ փորձել հնարավորինս հստակ ներկայացնել Հայաստանի շահերը, Հայաստանի հնարավոր կորուստները։

«Պետք է փորձել այնպիսի երկխոսություն ծավալել արդեն Ռուսաստանի հետ, որպեսզի այնտեղ համատեքստում, օրակարգում լինեն նաև Հայաստանի շահերը, մինչ այդ Հայաստանի շահերը բացարձակապես ոչ ոք հաշվի չէր առնում», - ընդգծեց Նավասարդյանը։

XS
SM
MD
LG