Մատչելիության հղումներ

Դեղին պետհամարանիշներով տաքսիների վարորդները այսօր պայքարի էին դուրս եկել սպիտակ պետհամարանիշներով տաքսիների վարորդների դեմ։ Խնդիրն այն է, որ ժամանակին կառավարությունը որոշեց, որ տաքսիները պետք է դեղին պետհամարանիշներով լինեն և դրանից բխող մի շարք տուրքեր վճարեն։

Որոշ ժամանակ անց, վարորդների պատմելով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրենց հետ հանդիպեց և ասաց, որ ոլորտը կարգավորող նոր օրինագիծ է մշակվում, իսկ մինչ այդ դեղին համարանիշները պարտադիր չեն լինի։

Վարորդների ներկայացուցիչ Գևորգ Դոստուրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարի է դեղին համարանիշները պարտադիր չեն, մինչդեռ այժմ մեկ այլ խնդիր է առաջ եկել՝ սպիտակ համարանիշներով վարորդները տուրքեր չեն մուծում, ի տարբերություն դեղինների, արդյունքում վարորդները անհավասար պայմաններում են աշխատում։

«Անհատը պետք է 14 500 դրամ ամսական վճարեր, տարին մեկ անգամ էլ 25 հազար»,- ասաց Դոստուրյանը։

Վարորդների խոսքով՝ արդեն մեկ տարի է գործող օրենքը անտեսված է, իրենք պահանջում են, որպեսզի բոլոր վարորդները բերվեն օրինական դաշտ և ամեն ինչ կարգավորվի, քանի որ այս իրավիճակում չեն հասկանում ինչ անել։ Նրանց խոսքով՝ տաքսիսների 70 տոկոսը անօրինական է աշխատում։

Քիչ անց վարորդներին այցելեց Տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ով, լսելով վարորդների պահանջը, խորհուրդ տվեց մի որոշ ժամանակ սպասել, քանի որ այժմ նոր օրինագիծը Ազգային ժողովում է, և այն հաստատվելուց հետո ոլորտում իրավիճակը կշտկվի։

«Օրենքի ընդունումից հետո էլ չի լինի դեղին համարանիշ, այսինքն բոլորը հավասար կլինեն, նույն դաշտում»,- ասաց Մելքոնյանը։

Դավիթ Մելքոնյանը վստահեցրեց, որ նոր օրենքի գործարկումից հետո դժգոհություններ այլևս չեն լինի, կսահմանվի պետական տուրք, վարորդները կվճարեն և արդեն սպիտակ համարանիշներով տաքսի վարելու լիցենզիա կստանան։ Ինչ վերաբերում է ներկայումս գործող օրենքին, ապա նա խոստովանեց որ այն փաստացի չի կիրառվում, և այս պահին նպատակահարմար էլ չէ այն կիրառելը։

«Օրենքը գործում է, բայց նկատի ունենալով, որ դաշտում բավականին շատ են սպիտակ համարանիշները և խնդիրը մեկ կամ երկու ամսվա հարց է, բոլորին ստիպել տանել լրացուցիչ գումար վճարել, մեր կարծիքով նպատակահարմար չէ»,- ասաց պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG