Մատչելիության հղումներ

«Վերնիսաժ»-ի գործով վիրավորը կալանավորվել է «անմարդկային» պայմաններում


«Վերնիսաժ»-ի գործով վիրավորը կալանավորվել է «անմարդկային» պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

«Վերնիսաժ»-ի գործով ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանին կալանավորել են «անմարդկային» և «ստորացուցիչ» պայմաններում. այս մասին ահազանգում է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը` հայտարարելով, որ բողոքելու է մինչև Եվրադատարան։

Մայիսի 17-ին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի կրակոցներից որովայնի շրջանում վիրավորված Հովհաննիսյանը կալանավորվել է ուրբաթ օրը:

Փաստաբանի փոխանցմամբ` նրան խուլիգանության մեղադրանք են առաջադրել ու հիվանդանոցից պատգարակով, աղիքը կախված տարել են դատարան ու կիսագիտակից վիճակում պատգարակի վրա պառկած, շտապօգնության բժիշկներով շրջապատված կալանավորման որոշում կայացրել։ Քննիչը հաշվի չի առել ո'չ փաստաբանի հորդորները, ո'չ հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությունը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»։ Իսկ դատարանն էլ 4,5 ժամ՝ մինչև կեսգիշեր շարունակված նիստում որոշել է, որ առողջական այդ վիճակում գտնվող Վալերի Հովհաննիսյանը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը:

«Աղիքը բաց վիճակում, արտադրություն, ճնշման հետ կապված տատանումներ , Շտապօգնության բրիգադի բժշկուհին այդ 3-4 ժամվա ընթացքում կողքից չհեռացավ, մի քանի անգամ դատական նիստը ընդմիջվեց», - «Ազատության» հարցին ի պատասխան պատմեց Բաղդասարյանը: - «Դատավորի հարցին, որ գոնե ասի իր անուն-ազգանունը, չկարողացավ արտաբերել։ Ցավազրկողը ցավազրկողի հետևից սրսկումներ էր կատարվում իմ ներկայությամբ, որովհետև ցավերին չէր դիմանում»։

Փաստաբանի հավաստմամբ` վարույթն իրականացնող մարմնի «անօրինական» գործողությունները սկսվել են կալանավորման նախորդ օրվանից։ Հուլիսի 3-ին Վալերի Հովհաննիսյանին ձերբակալելու արձանագրություն է կազմվել, գրվել է, որ Կենտրոնի քննչական բաժնում նրան ձերբակալել են, այնինչ Հովհաննիսյանը եղել է հիվանդանոցում։ Հետո քրեական հետախուզության աշխատակիցները եկել են, որ բերման ենթարկեն, հերթապահ բժիշկը թույլ չի տվել։ Հաջորդ օրն արդեն անտեսել են բժիշկների եզրակացությունները։

Հովհաննիսյանին կալանավորելու շտապողականությունը Բաղդասարյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել։

Նա կատարվածը համեմատում է անցած տարի վարորդ Հրաչյա Հարությունյանին խալաթով Մոսկվայի դատարան տանելու միջադեպի հետ, որը շատ մեծ աղմուկ հանեց Հայաստանում, սկսեցին հնչել ազգային խտրականության հողի վրա մարդուն ստորացնելու մեղադրանքներ։

Բաղդասարյանի կարծիքով` այսօր նույն կերպ մարդուն ստրկացնում են հայաստանյան քննչական մարմինների միջնորդությամբ, հայաստանյան դատարանում. - «Արձագանքը տեղին էր. անկախ նրանից մարդը ինչ գործողություն է կատարել, ստրկացուցիչ վիճակի մեջ հայտնվեց մեր համաքաղաքացին։ Այսօր մեր համաքաղաքացին հայտնվեց ոչ պակաս նման վիճակի մեջ։ Ավելին, վերջինիս մեղադրանք են առաջադրում, ինքը չի կարողանում չի կարողանում գիտակցի, թե ինչում են իրեն մեղադրում։ Պատկերացրեք՝ դատական պրոցես, պատգարակով պառկած է։ Կատարվածը հակասում է և' Սահմանադրությանը, և' Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին»:

Փաստաբանի փոխանցմամբ` կալանավորելու որոշումից հետո Վալերի Հովհաննիսյանին այդ վիճակում տարել են մեկուսարան, մեկուսարանում չեն ընդունել և խորհուրդ են տվել տանել քաղաքացիական հիվանդանոց: Միայն երկու ժամ անց հաջողվել է նրան հոսպիտալացնել դատապարտյալների հիվանդանոցում։

Վալերի Հովհաննիսյանը այս գործով երրորդ կալանավորվածն է։ Կրակոցներով ուղեկցված միջադեպից օրեր անց կալանավորվել էր կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով: Այնուհետև դեպքից 20 օր անց խուլիգանության մեղադրանք առաջադրվեց և կալանավորվեց վիրավորվածներից Ներսես Մելքոնյանը։ Նախնական վարկածով, կրակոցներին նախորդել է վիճաբանություն այս երեք անձանց միջև։

Որոշ պաշտոնյաներ Յուվեցի Կարոյի փեսայի արարքները արդարացնելու համար ասում էին, որ նրան կնոջ, երեխայի ներկայությամբ այս երիտասարդները «ծեծել-ջարդել» են։ Լևոն Բաղդասարյանը ձեռնպահ մնալով դեպքի վերաբերյալ մանրամասներ հրապարակելուց` միայն ասաց, որ Վալերի Հովհաննիսյանի որովայնին կրակել են մեքենայի մեջ. - «Ես տիրապետում եմ հետևյալ տեղեկատվությանը, որ եղել է սկզբից խոսակցություն, որին մասնակցել է նաև Վալերի Հովհաննիսյանը, այնուհետև համարել է խոսակցությունը փակված, ոչ մի իրար խփել, քաշքշել իմ տեղեկատվությունով չի եղել, նստել է մեքենայի մեջ։ Այդ ընթացքում տեղի են ունեցել այլ գործառույթներ այլ անձանց հետ, և արդյունքում ինքը ստացել է հրազենային վնասվածքներ։ Առաջին վնասվածքը ստացել է մեքենայի մեջ, այնուհետև դուռը բացել է, ցանկացել է դուրս գա, փախչի, ստացել է երկրորդը, մոտ հինգ մետր հեռացել և ընկել է գետնին»։

Ե'վ Լևոն Բաղդասարյանը, և' խուլիգանության մեջ մեղադրվող մյուս մեղադրյալի՝ Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանն արձանագրում են, որ նրանց կալանավորելու հարցում ցուցաբերվել է ակնհայտ շտապողականություն. Մելքոնյանին ևս հիվանդանոցից են տարել կալանավայր:

«Գոնե թողնեն մարդիկ ապաքինվեն, հետո... Բացի այդ, դա այն հոդվածը չի և այն սանկցիան չի նախատեսում, որ կարելի էր մեկը ծանր մարմնականով, մեկը միջին ծանրության վնասվածքներով մարդկանց կալանավորել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանները ձեռնպահ են մնում այս փուլում կարծիք հայտնելուց, թե ինչով է պայմանավորված այդ շտապողականությունը։

Էլբակյանը չբացառեց, որ այս երկու անձանց ևս մեղադրանք առաջադրելով գուցե փորձ է արվում հիմնավորել Գոռ Առաքելյանի ինքնապաշտպանության վարկածը։

XS
SM
MD
LG