Մատչելիության հղումներ

Ամփոփվել են ընդունելության քննությունների նախնական արդյունքները


Քննություններ Երևանում, արխիվ

Քննություններ Երևանում, արխիվ

Վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաև այս տարի, բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստի ժամանակ, որտեղ նաև ամփոփվել են ընդունելության քննությունների նախնական արդյունքները։

Կրթության և գիտության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ պետական ավարտական և միասնական քննությունների առաջին փուլում Հայաստանի բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 հազար 642, իսկ երկրորդ փուլում՝ 1440 դիմորդ, այս թվերում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և Լեռնային Ղարաբաղի դիմորդները:

Քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից, իսկ քննություններին չի ներկայացել շուրջ 1100 դիմորդ, 8 դիմորդ էլ քննությունից հեռացվել է՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:

Այս տարի բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, 15 տոկոսի պահանջը բավարարվել է։

Այս տարի նվազել են օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:

Աշոտյանի խոոսքով՝ հուլիսի 15-ին կհրապարակվեն ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները և զուգահեռաբար կկատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում։

Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել:

Աշոտյանը հանձնարարել է կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի այն սահմանված ժամկետներում ներկայացվի Պաշտպանության նախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG