Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետ. Ղարաբաղի հարցով Մոսկվան չի կարող գործարք կնքել ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ


Վադիմ Դուբնով, արխիվ

Վադիմ Դուբնով, արխիվ

Ուկրաինայի շուրջ զարգացումներն ուղղակի ազդեցություն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ասում է Վադիմ Դուբնովը:

Ռուսաստանցի մեկնաբան Վադիմ Դուբնովը որևէ արտառոց բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ այսօր ընթացող զարգացումներում չի տեսնում։

Մեկնաբանի խոսքով՝ նույնիսկ այսօր հաճախակի քննարկվող խաղաղարարների թեման նորմալ է, տեղավորվում է հակամարտությունների կարգավորման տրամաբանության մեջ։

«Ցանկացած կարգավորման շուրջ գործընթացներում խաղաղարարների թեման միշտ իր ուրույն տեղն է ունեցել, և այս մասին պարբերաբար խոսում են, իսկ որ այսօր թեման հայտնվել է ուշադրության կենտրոնում և ավելի հաճախ են սկսել քննարկել այն թե՛ Մոսկվայում, թե՛ հատկապես Երևանում՝ որևէ սենսացիա չկա, նորմալ գործընթաց է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փորձագետը։

Ըստ Դուբնովի՝ իրականում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներն իրենց ուղղակի ազդեցությունն ունեն ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների և հատկապես հայտարարությունների վրա՝ այն պարզ պատճառով, որ հիմնական խաղացողները նույն են։

Սակայն հայտարարությունների ձևաչափով այդ ակտիվացումը կամ լարվածությունը հայ - ադրբեջանական սահմանին, ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով, ամենևին էլ չի նշանակում, որ վաղը կսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ և այնտեղ կտեղակայվեն խաղարարար ուժեր: Ըստ փորձագետի, խոսք չկա նաև խնդրի շուտափույթ կարգավորման մասին։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Մոսկվան պայմանավորվի Բաքվի հետ՝ «միացեք Եվրասիական միությանը, և մենք ձեզ կվերադարձնենք մի քանի շրջաններ» տրամաբանությամբ։ Մոսկվան չի կարող նման գործարք կնքել Բաքվի հետ այն պարզ պատճառով, որ չունի հնարավորություն այդ շրջանները վերադարձնելու, ավելին՝ ես չեմ հավատում նաև, որ Մոսկվան ու Երևանը կարող են նման հարցի շուրջ պայմանավորվել։ Հնարավոր չէ պատկերացնել, որ Պուտինը համոզի Սարգսյանին գնալ նման քայլի, պարզապես բացառվում է», - ընդգծեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցին՝ Դուբնովն ասում է, որ Մոսկվան, Աստանան և Մինսկը դեռ չեն գտել այն բանաձևը, որի շրջանակներում կտեղավորվի Հայաստանի անդամակցությունը։

Ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման իրական պատճառը ոչ թե Ադրբեջանն է, այլ Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի մտավախությունը, որ եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը, տարաձայնություններ առաջացնող բոլոր հարցերում Հայաստանը միշտ Մոսկվայի շահերին կողմ կքվեարկի․ սա, ըստ Դուբնովի, ընդունելի չէ ոչ Աստանայի, ոչ էլ Մինսկի համար։

Իսկ որպես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման փոխհատուցում՝ Մոսկվան Երևանի հետ կարող է կնքել մի շարք համաձայնագրեր, օրինակ՝ միգրացիոն դաշտում, ցույց տալու համար, որ ինտեգրացիոն գործընթացներն այդուամենայնիվ առաջ են շարժվում։

Իրականում Մոսկվային Երևանից միայն մի բան էր պետք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հայտարարի Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագրից հրաժարվելու մասին։ Իսկ Մաքսային կամ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցն արդեն երկրորդական էր այն ժամանակ և, ըստ էության, երկրորդական է նաև այսօր Մոսկվայի համար, շեշտեց Վադիմ Դուբնովը:

XS
SM
MD
LG