Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Մեծ եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ»


Արգենտինա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը, Բուենոս Այրես, 8-ը հուլիսի, 2014թ․

Արգենտինա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը, Բուենոս Այրես, 8-ը հուլիսի, 2014թ․

Երեկ՝ Արգենտինա պաշտոնական այցի երկրորդ օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օրասիո Լարետայի, տեղական ինքնակառավարման մարմինների և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը:

Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Օռասիո Լառետան և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն արարողության մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես ասելով․ - «Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վկա, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու: Մարդկային հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, որն առանձնահատուկ երախտագիտությամբ պահում է այն անուններն ու տեղանունները, որոնք մշտապես արդարության սերմեր են ցանում՝ առաջ մղելով համամարդկային ամենավեհ արժեքները։ Այդ լուսավոր տեղանուններից մեկն էլ, իհարկե, Արգենտինան է, որն օգնության հասնելով մեր ժողովրդին արհավիրքի ամենածանր պահին, փրկեց ոչ միայն հարյուր հազարավոր հայերի, այլև վերականգնեց մեր ժողովրդի սասանված հավատն առ այն, որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ, որ մարդու մեջ չի կարող մեռնել մարդը և կենդանի մնալ ցեղասպան բարբարոսը»։

«Հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Սակայն բոլորին է հայտնի՝ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: Մեծ եղեռնի հարյուրամյակն ավարտի սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգնման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիքներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Այս օրը, անշուշտ, ոսկե տառերով է գրվելու ոչ միայն հայ - արգենտինական պատմության մատյանում, այլև իր անջնջելի հետքն է թողնելու մարդկության դեմ երբևէ գործված ամենածանր ոճրի՝ ցեղասպանության դատապարտման և կանխարգելման գործում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ՝ մայրաքաղաքի Պալերմո թաղամասում անվճար տարածք է հատկացվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Հունիսի 10-ին Արգենտինայում Հայաստանի դեսպանության մասնակցությամբ և Հայ կենտրոնի ու Արգենտինայի Հայոց թեմի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման նպատակով Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից արգենտինահայ համայնքին անվճար հատկացված հողատարածքի՝ իրավական փաստաթղթերը փոխանցելու պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահը նույն օրը այցելել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել նաև նույն վայրում Ղարաբաղյան պատերազմի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարին:

«Մենք իրարով ենք ուժեղ»

Նախագահը այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ), Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ), ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին:

«Արմենիա» մշակութային ընկերակցության Էդուարդ Սեֆերյանի անվան կենտրոնում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Ընդունելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները Հայաստանի նախագահին հանձնել են «Մենք անկեղծ զինուոր ենք» գրությամբ նվեր:

Իր շնորհակալական խոսքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հակառակորդները ոչ միայն աշխարհի այս մասում, այլ նաև տարբեր մասերում փորձում են աշխուժանալ, փորձում են իրենց շահն առաջ տանել, և մենք իրավունք չունենք դրանում նրանց մեղադրել, որովհետև իրենք էլ իրենց շահն են առաջ տանում: Մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր ջանքերը նորոգենք, մեր խնդիրն է, որպեսզի եկող սերնդի մեջ այս կրակը վառ պահենք մի կողմից` ամրապնդելով Հայաստանում պետականությունը, մյուս կողմից ամրապնդելով Սփյուռքն ու մեր կառույցները: Մենք իրարով ենք ուժեղ: Մենք միասին շատ բան կարող ենք անել»:

ՀԲԸՄ-ում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Միության պատվավոր հյուրերի գրքում թողած գրության մեջ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում այն ազգանվեր գործունեությունը, որ Միությունն իրականացնում է Սփյուռքում՝ հատկապես այն համայնքներում, որոնք աշխարհագրորեն հեռու են Մայր Հայաստանից:

«Սարտարապատ» թերթի խմբագրությունում Հայաստանի նախագահն ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա հայերը հիմնել են այսպիսի տպավորիչ ազգային հաստատություն, որը պատվով կատարում է հայ ոգին վառ պահելու դժվարին առաքելությունը:

Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսում մասնակցել է նաև Հայ Էմիգրանտների (Արմենիա) հրապարակի պաշտոնական բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Արգենտինա՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պետական այցով մեկնել է Ուրուգվայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG