Մատչելիության հղումներ

2013-ին հայաստանցիների՝ Եվրոպայում ապաստանի դիմումների 9 տոկոսն է բավարարվել


Ֆրանսիա - Էյֆելյան աշտարակը Փարիզում

Ֆրանսիա - Էյֆելյան աշտարակը Փարիզում

Այդուհանդերձ, ըստ Փախստականներին աջակցող եվրոպական գրասենյակի հրապարակած զեկույցի, 2012-ի համեմատ մերժումները պակասել են 11 տոկոսով:

2013 թվականին եվրոպական երկրներում հայաստանցիներին ապաստան տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ ընդհանուր առմամբ 5 հազար 585 որոշում է կայացվել, որոնցից միայն 9 տոկոսը` մոտ 500 դիմում է բավարարվել:

Ապաստան ստանալու հայաստանցիների դիմումների մեծ մասը` շուրջ 90 տոկոսը մերժվել են Եվրոպական միության երկրների կողմից, սակայն 2012 թվականի համեմատ մերժումները պակասել են 11 տոկոսով:

Հայաստանին վերաբերող այս պատկերն է ներկայացնում Փախստականներին աջակցող եվրոպական գրասենյակի հրապարակած տարեկան զեկույցը:

Տրամադրել ապաստան թե ոչ` այս որոշման վրա ազդում է հիմնականում այն հանգամանքը, թե որ երկրից են ապաստան խնդրողները: Սիրիացիների համար, օրինակ, Եվրոպան դռները լայն է բացել. անցած տարի այդ երկրից ապաստանի դիմումները 90 տոկոսով բավարարվել են, Էրիթրեայի, Սոմալիի, Իրանի և Իրաքի քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում ևս դիմումների կեսից ավելին բավարարվել են:

Բալկանյան երկրների դեպքում դրական պատասխանը շատ սակավ է հնչում` բոլոր դիմումների միայն 2-8 տոկոսն է բավարարվում, ցուցանիշը ցածր է նաև Հայաստանի և Վրաստանի դեպքում՝ 2013 թվականին Հայաստանի քաղաքացիների դիմումների 9 տոկոսն է բավարարվել, իսկ վրաստանցիների դեպքում՝ միայն 5 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, անցած տարի բավարարվել է ստացված դիմումների 34 տոկոսը, փախստականի կարգավիճակ տրվել է ավելի քան 49 հազար մարդու, ևս 45․5 հազար մարդու տրվել է օժանդակ պաշտպանության կարգավիճակ, իսկ ավելի քան 17 հազարը ստացել են մարդասիրական պաշտպանություն Եվրամիության տարածքում:

Զեկույցը փաստում է, որ 2013-ին Եվրամիության տարածքում ապաստան փնտրողների թիվը աննախադեպ աճել է: 2012-ի համեմատությամբ ապաստան հայցողների թիվն աճել է 30 տոկոսով և կազմել ավելի քան 435 հազար մարդ: 2008 թվականից ի վեր, ինչ սկսվել է ուսումնասիրությունը, սա ապաստան փնտրողների ամենամեծ ցուցանիշն է:

Փախստականների ամենամեծ հոսքը 2013 թվականին Սիրիայից է գրանցվել՝ բոլոր դիմումների 12 տոկոսը պատերազմի ճիրաններում գտնվող այդ երկրից է ստացվել: Երկրորդ տեղում դիմումների քանակով Ռուսաստանն է եղել` 41 հազար ռուսաստանցի է դիմել Եվրոպայում ապաստան ստանալու համար: Դիմողների մեծ մասը, զեկույցի համաձայն, Հյուսիսային Կովկասից են, հիմնականում նրանք ապաստան են խնդրել Գերմանիայից և Լեհաստանից:

Զեկույցը փաստում է, որ ապաստանի համար դիմող ռուսաստանցիների թիվը նշանակալիորեն` 71 տոկոսով աճել է 2013 թվականին:

Փախստականներ ընդունող հիմնական երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան:

Թեև զեկույցը ամփոփում է 2013 թվականի իրավիճակը, դրա հեղինակներն նշում են նաև, որ այս տարվա սկզբից կտրուկ ավելացել է Ուկրաինայից ապաստան փնտրողների թիվը: Միայն 2014 թվականի գարնան ամիսներին ավելի քան 2 հազար ուկրաինացիներ դիմել են Եվրամիության երկրներում ապաստան ստանալու համար՝ այն դեպքում, երբ վերջին 20 տարիներին Ուկրաինայից ամսական միջինը միայն 100 դիմում էր ստացվում:

XS
SM
MD
LG