Մատչելիության հղումներ

Ուորլիք. «Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»


«Ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում», - այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ժամեր առաջ «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ Ուորլիքը տեղեկացրել է, որ մեկնում է Վաշինգտոնից՝ հանդիպելու Մինսկի խմբի մյուս համանախագահներին և քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը:

Ղարաբաղյան խնդրի շուրջ մի հանդիպում էլ անցկացվել է երեկ Մոսկվայում: Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ընդունել է Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիյուին, քննարկվել են հակամարտության կարգավորման հրատապ հարցերն և համանախագահող երկրների հետագա քայլերի համակարգումը:

Հիշեցնենք՝ մայիսին Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ էր արել գագաթնաժողով անցկացնել և հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով: Օրեր առաջ էլ պաշտոնական Վաշինգտոնն էր արձագանքել այս թեմային: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթնաժողով անցկացնելու՝ նախագահ Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության», - հայտարարել էր պետդեպատամենտի խոսնակ Ջեն Փսաքին:

Շփման գծում չթուլացող լարվածությանը զուգընթաց՝ անցած շաբաթ խնդրի կարգավորմամբ զբաղվող երեք մայրաքաղաքներից հայտարարություններ հնչեցին ռազմական հռետորաբանությունը դադարեցնելու և ջանքերը խաղաղ կարգավորման վրա կենտրոնացնելու վերաբերյալ: Չնայած այդ հորդորներին՝ երեկ ադրբեջանցի դեսպանների հերթական հավաքին, նախագահ Ալիևը կրկին չի բացառել, որ հակամարտությունը կարող է լուծվել ռազմական ճանապարհով:

«Ադրբեջանն ուզում է հարցը կարգավորել բանակցություններով, սակայն ռազմական լուծումը ևս չի բացառվում», - զգուշացրել է Ալիեւը՝ հատուկ ընդգծելով, որ վերջին ամիսներին միջազգային ասպարեզում ուժն է դարձել գերակայող:

«Ցավոք, «արդարացի է նա, ով ուժեղ է» սկզբունքը մեծ հարված է հասցրել միջազգային հարաբերությունների գործող համակարգին», - հայտարարել է Ալիևը՝ առանց մանրամասնելու, թե վերջին ամիսների հատկապես ո'ր իրադարձություններն են նման եզրակացությունների առիթ տվել:

Ադրբեջանի ղեկավարը միաժամանակ կասկած է հայտնել, թե Մինսկի խումբը անկեղծորեն է շահագրգռված խնդրի արագ կարգավորմամբ: «Այնպիսի տպավորություն է, ասես այդ խնդրով զբաղվող միջնորդները առավել հետաքրքրված են ստատուս քվոյի պահպանմամբ, ասես նրանց հիմնական խնդիրն է, որ տարածաշրջանի կայունությունը չխաթարվի և պատերազմ չսկսվի», -հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե անցած մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի արձանագրվել:

«Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե որքան ճիշտ էր բանակաշինության ուղղությամբ որդեգրած մեր քաղաքականությունը, դա ամրապնդում է մեր դիրքերը, այդ թվում՝ բանակցային գործընթացում», - երեկ հայտարարել է Ալիեւը դեսպանների հետ տարեկան ժողովում:

Այսօր արդեն, ըստ տեղական լրատվամիջոցների, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարություններ են սկսել առաջնագծում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, վարժանքներին մասնակցում է 10 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, մոտ 100 միավոր հրետանի, 20 ինքնաթիռ։

«Իրականում ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր, այլ Ադրբեջանի այս պահվածքը», - անդրադառնալով ամերկացի համանախագահի գրառմանը՝ պնդել է Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG