Մատչելիության հղումներ

Երևանցիների դարդ ու ցավը իմ դարդ ու ցավն է․ Տարոն Մարգարյան


Երևանցիներին հուզող թեմաներով այսօր զրուցել ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Միկոյանի արձանի տեղադրումից մինչև վճարովի ավտոկայանատեղիներ ու տարվա մեջ մի քանի անգամ ասֆալտապատվող փողոցներ: Երևանցիներին հուզող այս թեմաներով այսօր խոսեցինք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով Շենգավիթ համայնքում շրջայցի էր դուրս եկել:

Քաղաքացիական ընդվզումից հետո Միկոյանի արձանի տեղադրման թեման կարծես մարեց: Այսօր դեռևս հստակ պատասխան չկա՝ տեղադրվելո՞ւ է ի վերջո այն, թե՞ ոչ: Այս հարցն ուղղեցինք նաև քաղաքապետին, ով նախ հրաժարվեց պատասխանել` նշելով, որ բազմիցս է անդրադարձել այդ թեմային: Երկրորդ անգամ նույն հարցը հնչեցնելուց հետո Մարգարյանը անորոշ պատասխան տվեց․ - «Բազմիցս պատասխանել եմ, իմ կարծիքով բոլորդ լսել եք դրա մասին, Երևանի քաղաքապետարանը, Երևանի ավագանին ընդամենը տվել է իր համաձայնությունը: Համաձայնությունը տալուց հետո, երբ որ կփորձեն այդ արձանը տեղադրել, այդ ժամանակ արդեն միջնորդները, բարեկամները իրենց մասնակցությունը կունենան»:

Չնայած մայրաքաղաքում չեն դադարում բողոքի ցույցերը կարմիր գծերի ու վճարովի ավտոկայանատեղիների դեմ, այդուամենայնիվ քաղաքապետն այս հարցում անդրդվելի է: Պնդում է, թե դրանք պարտադիր պետք է լինեն. - «Ես չեմ ուզենա էդ հարցերին շատ անդրադառնալ, քանի որ դա իրենց անձնական կարծիքն է, բայց մեր քաղաքը գնում է դեպի զարգացման, և մենք բոլորս միասին պետք է կարողանանք ստեղծենք էդ հարմարավետությունը և այն մոտեցումները, որը ամբողջ զարգացած երկրների զարգացած քաղաքներում կա»:

Այսօրվա շրջայցի ժամանակ Մարգարյանը խոսեց նաև մայրաքաղաքի ասֆալտապատման մասին: Հարցին, թե ինչու են կենտրոնական փողոցների տարվա ընթացքում մի քանի անգամ ասֆալտապատում այն դեպքում, երբ ծայրամասերի շատ փողոցներ անգամ ընտրություններից ընտրություն չեն նորոգվում, քաղաքապետը պատասխանեց, թե այդպես ասֆալտապատող ընկերությունն է իր բացթողումները շտկում է:

Հարց է առաջանում, իսկ մի՞թե քաղաքապետարանի կողմից հսկողություն չի իրականացվում, որպեսզի կարիք չլինի տարվա մեջ մի քանի անգամ անհարմարություններ ստեղծել երևանցիների համար, փոշու մեջ առնել կենտրոնն ու հարցեր առաջացնել ասֆալտապատման միջոցով լվացվող փողերի վերաբերյալ:

«Բոլոր աշխատանքները հսկողության տակ են, բայց լինում են կոյուղիների վթարներ, լինում են որոշ թերություներ, որոնք աննկատ են այդ ժամանակ լինում, իսկ մենք հստակ պայմանագիր ունենք կնքած՝ մրցույթով շահած կազմակերպությունները 5 տարի շարունակ իրենց հաշվին պետք է վերականգնեն բոլոր թերությունները», - ասաց Տարոն Մարգարյանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու քաղաքապետի պաշտոնը ստվերեց՝ թաղապետ եղած տարիներին իր հասցեին հնչող միայն դրական կարծիքները․ - «Ես էդքան էլ էդ կարծիքին չեմ, բայց ամեն դեպքում պետք է հարցնեք երևանցիներին, և ես միշտ հայտարարել եմ, որ ես երևանցիների կողքին եմ և իրենցից մեկն եմ, իրենց դարդ ու ցավը իմ դարդ ու ցավն է և ես ապրում եմ նաև իրենց խնդիրներով»:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ, «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մինչդեռ, վստահ է, որ քաղաքապետն այսօր մի թիմում է, որտեղ քավոր-սանիկներ են բոլորը, և ինչ էլ անի՝ այդ «երամում» նրա աշխատանքը չի երևա:

«Մի խմբի մեջ են բոլորը, մանր օղակներով իրար կապված են, մեկի եղբայրն է, մեկի չգիտեմ սանիկն է, ինքը՝ Տարոն Մարգարյանն էլ շատ լավ գիտի՝ ինչպես շտկի շատ հարցեր, գիտի, բայց չի կարող հակառակ գնալ երամին: Ինքը Լիվինգսթոն ճայը չի, որ երամին հակառակ գնա ու դրանից հաճույք ստանա», - նշեց Բախշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG