Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը ԼՂ-ն է


ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը ԼՂ-ն է
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն է, և չի բացառվում, որ մինչև տարեվերջ չստորագվի միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց Մոսկվայում գործող ЕврАзЭС ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

Այս ինստիտուտը հայտնի է Կրեմլի հետ իր կապերով: Բավական է նշել, որ դրա գիտխորհրդի ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևն է:

«Եվրասիական միության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ՝ Հայաստանը բավականին կոշտ ձևով էր բարձրացնում շատ հարցեր: Այսինքն՝ Հայաստանը հարց էր բարձրացնում մի շարք ապրանքների, ներառյալ՝ ավտոմեքենաների մաքսատուրքերի վերաբերյալ, Հայաստանը կոշտ ձևով բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հարցը և ցանկանում էր, որ այն լուծվի հօգուտ իրեն, որպեսզի Մաքսային միության սահմանները անցնեն Լեռնային Ղարաբաղի սահմաններով: Ցավոք, Մաքսային միության անդամ երկրների ոչ բոլոր ղեկավարները պաշտպանեցին այդ դիրքորշումը: Մենք գիտենք, որ Ղազախստանի նախագահը հենց այս հարցի՝ Մաքսային միության սահմանների հետ կապված արտահայտեց իր տեսակետը, որը տարբերվում է Հայաստանի ղեկավարության տեսակետից, որ [Մաքսային միության] սահմանը պետք է անցնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Եվ սա էր այն ֆորմալ հիմքը, որն արգելակեց գործընթացը: Սա էր գլխավոր պատճառը», - ասաց Լեպյոխինը:

Չնայած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին լրագրողներին հայտարարել էր, որ պատճառներն անհայտ են, թե ինչու է ձգձգվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սակայն Կրեմլի հետ կապեր ունեցող ինստիտուտի ղեկավարը հաստատում է բազմաթիվ փորձագետների պնդումը, որ պատճառը Ղարաբաղն է:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգմանը զուգահեռ հայաստանյան փորձագիտական հանրությունից մտահոգություններ են հնչում, որ միության անդամակցության վերաբերյալ Մոսկվան ձգտում է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ, և այդ բանակցություններում Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ մանրադրամ:

Վլադիմիր Լեպյոխինը այսօրվա ասուլիսին ևս երկու ուշագրավ հայտարարություն արեց: Նա չբացառեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է չստորագրել մինչև տարեվերջ:

Լեպյոխինը նաև ասաց, թե կարծում է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի շուրջ առաջիկայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մատնացույց արեց, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրասիական միության հետ, և Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, Երևանի անդամակցությունը այդ միությանը է'լ ավելի խնդրահարույց է դառնում:

«Առանց Ադրբեջանի անդամակցության այդ ԵվրԱզԷՍ-ում Հայաստանի անդամակցությունը իմաստ չունի: Եվ Հայաստանը այսպես առկախված վիճակում, դա այն հիմնական գործիքն է, որը օգտագործում է և օգտագործելու է` Ադրբեջանին գայթակղելու և ներքաշելու այդ Եվրասիական միություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

XS
SM
MD
LG