Մատչելիության հղումներ

logo-print

Հովհաննիսյան. Չընտրված իշխանությունը որոշել է ահաբեկել վարչության նորընտիր անդամներին


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «շատ վտանգավոր» է համարում «Ժառանգության» հունիսի 28-ի համագումարից հետո կուսակցության վարչության որոշ նորընտիր անդամներին «ահաբեկելու» փորձերը։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր բնորոշմամբ՝ չընտրված իշխանություններն անցել են «հակաօրինական գործողությունների», Ազգային անվտանգության ծառայությունը փորձ է արել անձին, ընտանիքին և նաև կուսակցությանն ուղղված սպառնալիքներով իրենց կուսակցության նվազագույնը երկու երիտասարդ անդամների հավաքագրել։ Նրանցից մեկը վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանն է, մյուսի անունը «Ժառանգության» առաջնորդը չհրապարակեց։

Հրայր Մանուկյանի հետ կապված միջադեպի ձայնագրությունը տարածված է համացանցում: Լսելի է, թե ինչպես է Մանուկյանին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը՝ Վլադ Հակոբյան անունով, համոզում աշխատել իրենց հետ, ապա սպառնում է․- «Ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու: Պատրա՞ստ ես հետևանքներին քո էդ գժական դիպլոմով, գիտելիքներով… մաքսիմում ամենալավ աշխատանքը, որ ստեղ կունենաս, էդ հացի փռում կարող ա պահակ աշխատես»:

«Ես ցավ եմ ապրում, որ այս չընտրված իշխանությունը՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ, որոշում է ահաբեկել վարչության նորընտիր անդամներին սպառնալիքներով, հավաքագրման փորձերով, Հայաստանի քաղաքացիների դեմ և մեր քաղաքական կուսակցությունների դեմ ոտնձգություններով: Թե' հավաքագրման փորձը` սպառնալիքներով համեմված, թե' դրա թայմինգը ՝ ժամանակի ընտրությունը համագումարից անմիջապես առաջ և դրանից հետո հուշում է, որ «Ժառանգության»-ն էր ուղղված այս հակասահմանադրական, վախից դրդված փորձը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը․ - «Երբ որ սա տեղի ունեցավ Ամերիկայում, օրինակի համար, 70-ական թվականներին՝ ժուչոկներ, ապօրինի հավաքագրումներ, դրա հետևանքը եղավ իմպիչմենտի հոդվածներ և հետո հրաժարական»։

«Հավաքագրման» գործընթացում, ըստ «Ժառանգության» առաջնորդի, դերակատարություն է ունեցել նաև կրթության և գիտության նախարարի խորհրդականը։ ՀՀ գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հրայր Մանուկյանի այսօր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մեջ այս առիթով նշված է.- «Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց պահանջն է մինչև վերջ բացահայտել կատարվածի հանգամանքները:

«Այստեղ հարուցվում է հերթական անգամ ներկա վարչակարգի ապօրինի վիճակը, երկու գերատեսչությունների մասնակցությունը՝ կոնկրետ Ազգային անվտանգությունը և երկրորդը՝ կապավորը եղել է Կրթության և գիտության նախարարի խորհրդականը։ Եվ մենք պիտի պահանջենք իրավապահ մարմիններից, որ իրենք եթե կարող են դուրս գան քաղաքականացված ենթակայությունից, մինչև վերջ պարզեն այս խնդիրը», - ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝ հավելելով. - «Ավելի սիրողական, ավելի փնթի գործունեություն, քան սա, ես չեմ տեսել։ Այսպես երիտասարդ անդամների համակարգված, հետևողական համագումարի հետքերով, դա հուշում է, որ կա հատուկ ծրագիր և այդ ծրագիրը իմպիչմենտի հիմք կտա»։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը խորհրդականի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան խորհուրդ տվեց բավարարվել իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Իսկ գրառման մեջ Աշոտյանը հեգնել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի «սերը» և ուշադրությունը ԿԳՆ-ի և իր «հանդեպ վաղուց է հայտնի», նրա այսօրվա տեսակետն էլ «այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է»: «Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի», - գրել է Աշոտյանը։

Քառյակի համագործակցությունը «ողջունելի և աննախադեպ» է

Մամուլի ասուլիսում խոսելով ոչ իշխանական քառյակի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն այն համարեց խորհրդարանական «ողջունելի, աննախադեպ համագործակցություն» և հույս հայտնեց, որ համագործակցությունն է'լ ավելի կխորանա. - «Կարծում եմ, որ աշնանը արդեն կերևա դրա հեռանկարը, ինքը պիտի դո՞ւրս գա խորհրդարանական պատերից, խորհրդարանական համագործակցությունից պիտի վերածվի՞ ընդհանուր ուժի, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը պահանջում է այդ միասնական գործողությունը: Կարող եմ ասել, որ պարոն Տեր-Պետրոսյանի և պարոն Ծառուկյանի հանդիպումների միջոցով ակնհայտ է, որ գործիչները անկեղծ են, որ իրենք ուզում են փոփոխություն և նաև օրակարգը ընդլայնելու հանձնառությունը կա»։

«Ժառանգության» առաջնորդի ցանկությունն է, որ այդ համագործակցությունը բերի արմատական փոփոխությունների՝ «ոչ հերթական ընտրությունների միջոցով»։

Լրագրողներից մեկը փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի և Զարուհի Փոստանջյանի տեսակետների տարբերությունը այս հարցում։ Փոստանջյանը իր հարցազրույցներում քառյակի ձևաչաձը համարել է «փոքրիկ համագործակցություն»` ԲՀԿ-ի թիկունքում էլ տեսնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Որովհետև տեսակետներ են, որովհետև մենք մարդ են, մենք նույն կուսակցությունում ունենում ենք բանավեճ, ունենում ենք տարբեր մոտեցումներ, ոչ մեկը չի կարդում իմ պատրաստած հուշագրից», - հակադարձեց Հովհաննիսյանը: - «Ես կարծում եմ, որ օրակարգում չկա նման բան, որ նախկին նախագահը ուզում է ինչ-որ ձևաչափի միջոցով վերադառնալ։ Դրանք կայացած ուժեր են, այդ հարցերը քննարկվում են, այդ հարցերը քննարկումների ժամանակ բացառվել են։ Եվ եթե երբևէ լինի որևէ մեկի վերադարձի փորձ, թե մեկն ուզենա վերստին զբաղվել քաղաքականությամբ կամ նոր ուժ լինի, այդ ժամանակ կքննարկենք»։

«Ազատության» հարցին, թե Միացյալ Նահանգներից վերջերս վերադարձած Զարուհի Փոստանջյանը հնարավո՞ր է կրկին ստանձնի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Նման հարցադրում չկա: Ինչպես գիտեք, ինքն ընտրվել է միջազգային հարաբերությունների գծով գլխավոր քարտուղար, կտնօրինի մեր արտաքին հարաբերությունները տարբեր երկրների և Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ»:

XS
SM
MD
LG