Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքապետի հետ


Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ` կողմերը կարևորել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մշակութային արժեքների փոխճանաչելիությունը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է շուրջ մեկ ու կես տասնամյակ առաջ` հռչակելով Բուենոս Այրեսը և Երևանը քույր քաղաքներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնել Բուենոս Այրեսի քաղաքային իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Բուենոս Այրեսում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար, որը, ըստ նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի կողմից ևս մեկ անգնահատելի քայլ է:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Բուենոս Այրեսի քաղաքապետին և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ հուլիսի 9-ին նշվելիք երկրի Անկախության օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն, բարգավաճում և նորանոր նվաճումներ:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Մաուրիսիո Մակրին Հայաստանի նախագահի այցի կապակցությամբ նրան է հանձնել Բուենոս Այրեսի բանալին և քաղաքի Պատվավոր այցելուի պատվոգիրը: Քաղաքապետարանից մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գրառում է թողել քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի պատգամավորների պալատի նախագահ Խուլիան Անդրես Դոմինգեսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG