Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը «չի փոխում հայ-ուկրաինական հարաբերությունները»:

Երկուշաբթի երեկոյան Երևանում Վրաստանի դեսպանատանը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան՝ միաժամանակ հավելելով, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում չեն բացառվում որոշակի փոփոխություններ:

Դեսպանը մանրամասնեց՝ երբ Ուկրաինան վավերացնի Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագիրը, և եթե Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, ու այդպիսով՝ երկու երկրները հայտնվեն տնտեսական տարբեր միություններում, Երևանն ու Կիևը երկկողմ մակարդակում բանակցություններ կսկսեն՝ առաջացած հարցերը կարգավորելու համար:

«Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ընդհանրապես չի փոխում հարաբերությունները Ուկրաինայի և Հայաստանի միջև: Մեր երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, խորացմամբ, կարծում եմ, բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար: Իհարկե, առաջին հերթին շահագրգռված ենք տնտեսական հարաբերություններով, որովհետև Ուկրաինան և Հայաստանը մեծ առևտրաշրջանառություն ունեն, և մենք ցանկանում ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները զարգանան»,- ասաց Կուխտան։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ Ուկրաինան առաջիկայում կվավերացնի հունիսի 27-ին ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

«Կարծում եմ, որ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը և վավերացնելով այն՝ բնականաբար, Ուկրաինան և Հայաստանը երկկողմ հարթությունում կքննարկեն [առաջացած հարցերը]: Մենք ունենք ազատ առևտրի մասին պայմանագիր, հնարավոր են որոշակի փոփոխություններ այդ հարաբերություններում, մաքսատուրքերում և այլն: Կարծում եմ՝ սա բանակցությունների առարկա է: Այսօր դեռ վաղ է խոսել այդ մասին, որովհետև, երբ մենք կվավերացնենք համաձայնագիրը, երբ այն կմտնի ուժի մեջ, երբ մենք մուտք կունենանք եվրոպական շուկա, երբ եվրոպական ապրանքները կհոսեն Ուկրաինա, այն ժամանակ էլ կխոսենք: Ի դեպ, մենք ծրագրում ենք այս տարվա վերջում այստեղ՝ Երևանում, անցկացնել հայ - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ լրջորեն կքննարկենք այս հարցը»,- փոխանցեց Ուկրաինայի դեսպանը:

XS
SM
MD
LG